Իսրայելի ռազմաօդային ուժերը պատրաստ են եղել խոցել «Flydubai» ավիաընկերության ինքնաթիռը, երբ երկրորդ օդաչուն հարձակվել է օդանավապետի վրա, չնայած այն փաստին, որ օդանավում Իսրայելի 150 քաղաքացի է եղել։ Այս մասին «CBS News»-ին հայտնել են իրավիճակին ծանոթ իսրայելական երկու աղբյուրները։
Զրուցակիցների խոսքով՝ Իսրայելն ունի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պես միջադեպերին արձագանքելու հստակ մշակված գործողությունների կարգ։ Օդանավի կտրուկ վայրէջքից հետո Իսրայելի ՌՕՈՒ-ն փորձել է կապվել անձնակազմի հետ։ Երբ դա չի հաջողվել, անմիջապես հավաքվել է նախապես կազմված հանձնաժողովն ու ձևավորվել օպերատիվ կենտրոն։
Իսրայելը փակել է իր օդային տարածքն ու օդ հանել կործանիչները։ Երբ պարզվել է, որ ինքնաթիռը շեղվել է երթուղուց ու շարժվում է դեպի Սաուդյան Արաբիա, կործանիչներին հետ են կանչել, իսկ Սաուդյան Արաբիայի իշխանություններն, ընդհակառակը, տագնապով օդ են բարձրացրել իրենց օդանավերը։
Եթե ինքնաթիռը չփոխեր ուղղությունը, կործանիչների օդաչուները պետք է բավականաչափ մոտենային դրան, որպեսզի տեսնեին խցիկում տիրող իրավիճակը, գնահատեին ուղևորների վիճակն ու տեղեկությունը փոխանցեին հրամանատարական կենտրոն։ Եթե նրանք արձանագրեին, որ օդանավը զավթված է, իսկ ահաբեկիչները ոչ մի պահանջ չեն ներկայացնում, հանձնաժողովը պետք է կապ հաստատեր պաշտպանության նախարարի և վարչապետի հետ։
Ըստ սահմանված կարգի՝ ինքնաթիռը խոցելու որոշումը կայացնում է անձամբ վարչապետը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ օդանավի առևանգման և հնարավոր ահաբեկչության պարագայում դա դիտարկվում է որպես չարյաց փոքրագույնը՝ կանխելու համար հարյուրավոր այլ մարդկանց մահը, եթե ինքնաթիռը բախվի բարձրահարկ շենքի, օդանավակայանի կամ գետնի վրա գտնվող մեկ այլ թիրախի։





























