Բրիտանական BP ընկերությունը դիզելային վառելիքի արտադրությունը հասցրել է առավելագույն ծավալների, քանի որ Միացյալ Թագավորությունում դրա գինն անցել է լիտրի համար 2 ֆունտ ստեռլինգի (2,66 դոլար) սահմանագիծը։ Այս մասին, հղում անելով նավթային հսկայի ղեկավար Մեգ Օ’Նիլին, հայտնում է The Times թերթը։
Նրա խոսքով՝ ընկերության առաջնահերթությունները կրկին փոխվել են. ավիակերոսինից շեշտը նորից դրվել է դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու վրա։ Ուստի BP-ն վերանայել է իր նավթավերամշակման գործարանների աշխատանքը, որպեսզի հնարավորինս շատ դիզել արտադրի։
Օ’Նիլը հիշեցրել է, որ փետրվարին Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտությունից հետո ընկերությունը սկզբում կենտրոնացել էր հենց դիզվառելիքի վրա, քանի որ Ավստրալիայում դրա դեֆիցիտի լուրջ մտավախություններ կային, իսկ որոշ բենզալցակայաններում պաշարներն ընդհանրապես սպառվել էին։ «Հաճախորդների պահանջարկը բավարարելու համար մենք կարողացանք դիզվառելիքի մատակարարումներ կազմակերպել դեպի Ավստրալիա թե՛ Ռոտերդամից և թե՛ ԱՄՆ արևմտյան ափին գտնվող Չերի Փոյնթ գործարանից»,- Լոնդոնում ընթացող Energy Intelligence Forum համաժողովի ժամանակ ասել է BP-ի ղեկավարը։
«Այնուհետև, երբ սկսվեց «ճգնաժամի հաջորդ ալիքը» և մտահոգություններ առաջացան ավիաընկերությունների մատակարարումների հետ կապված, BP-ն իր ուշադրությունը սևեռեց ավիակերոսինի վրա։ Արդյունքում բրիտանական ընկերության եվրոպական գործարանները վերափոխեցին արտադրական ընթացքն ու սկսեցին 30%-ով ավելի շատ ավիավառելիք թողարկել, քան մինչև հակամարտությունն էր։
Իսկ հիմա, երբ առաջնահերթությունը դարձյալ դիզելն է, BP-ն կրկին ամբողջ ուժերը կենտրոնացրել է դրա արտադրությունն առավելագույնի հասցնելու վրա»,- հավելել է Օ’Նիլը։ ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող ընկերության նավթավերամշակման գործարաններն օրական վերամշակում են մինչև 1,5 մլն բարել նավթ։





























