Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում օպերատիվ երեք խմբերի վերացման մասին։ Իշխանությունները դրանք անվանում են թաքֆիրական ահաբեկչական կազմակերպություն, հաղորդում է Tasnim-ը։
Գերատեսչության տվյալներով՝ գործողությունների ընթացքում ձերբակալվել է տասը մարդ, ևս երկուսը զոհվել են ուժայինների հետ բախումներում։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ խմբերը հայտնաբերվել ու վերացվել են նախքան որևէ ահաբեկչական կամ դիվերսիոն գործողություն իրականացնելը։ Գործողություններն անցկացվել են Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշեհր, Սարբազ, Սարավան և Զահեդան քաղաքներում, ինչպես նաև Հորմոզգան նահանգի Քեշմ կղզում (տեղի հետախուզական վարչության աջակցությամբ)։
Իրանական կողմի տվյալներով՝ կասկածյալները գործել են արտերկրից աջակցություն ստացող խմբերի կազմում։ Նախարարությունից հայտնել են, որ Իրան մուտք գործելուց առաջ նրանք արտասահմանում ռազմական պատրաստություն են անցել, սովորել են պայթուցիկ սարքեր պատրաստել և սպանություններ իրականացնել։ Ըստ վարկածի՝ խմբերի անդամները թաքնվել են թաքստոց-բնակարաններում և ծրագրել են դիվերսիաներ իրականացնել ու ապակայունացնել իրավիճակը։
Գործողությանը մասնակցել են հետախուզության, ոստիկանության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները։ Նախարարությունում ընդգծել են, որ կասկածյալների հայտնաբերման գործում կարևոր դեր են ունեցել տեղի բնակիչների հաղորդումները։ Ձերբակալվածներից, գերատեսչության տվյալներով, առգրավվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։
Իրանում հայտնել են նաև զինված հանցավոր խմբավորումների դեմ իրականացված առանձին գործողության մասին։ Հետախուզության աշխատակիցները հայտարարել են երկու կազմակերպված ավազակախմբերի վերացման մասին, որոնք, իշխանությունների վարկածով, խախտում էին հասարակական կարգը և սպառնալիք ստեղծում անվտանգության համար։
Այս գործողության ընթացքում ձերբակալվել է հինգ զինված կասկածյալ։ Նրանցից նույնպես առգրավվել է զենք և այլ սարքավորումներ, նշված է Հետախուզության նախարարության հայտարարության մեջ։





























