«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհրդարանի ամբիոնից հայտնել է Հայաստանի պետբյուջեի դեմ իրականացված տնտեսական դիվերսիայի մասին։

«Մի ֆենոմեն, երբ հարկեր հավաքելու պատրվակով բյուջեն զրկվում է հարկերից», — նշել է պատգամավորը։ Ներկայացնելով հանցագործության մասին հաղորդումը՝ նա ընդգծել է, որ խոսքը պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պետական բյուջեին էական վնաս պատճառելու մասին է։

«Այսօր Հայաստանում տարբեր անձանց պատկանող շուրջ 60 ընկերություն կապարակնքված է ապօրինի կերպով։ Պատճառաբանությունն այն է, թե իբր նրանք հարկեր են թաքցրել։ 3 ընկերության մասով ես պաշտոնական հարցում եմ ուղարկել ՊԵԿ։ Ստացել եմ պաշտոնական պատասխան, ըստ որի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (խոսքը մեկ ամսվա մասին է) միայն այդ երեք ընկերությունները բյուջե են փոխանցել 100 միլիոն դրամից ավելի գումար։ Այսինքն՝ ՔԿ-ի և ՊԵԿ-ի ապօրինի գործողությունների պատճառով միայն 3 ընկերության մասով բյուջեն կորցրել է 100 միլիոնից ավելի գումար։ Ֆենոմենալ պայքար՝ հարկերը թաքցնելու դեմ», — նկատել է պատգամավորը։ Նա հավելել է, որ կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, սակայն ՔՊ-ն շարունակում է հանցագործությունը և չի կատարում դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը։ Խամոյանի խոսքով՝ արդեն որոշում կա նաև Օլիմպավանի մասով։

«Տնտեսական դիվերսիա՝ պետբյուջեի դեմ», — ընդգծել է պատգամավորը։ Նա հավելել է, որ ելույթից անմիջապես հետո հաղորդումը փոխանցվելու է դատախազությանը։