Իրանի պաշտպանական արդյունաբերությունը վերջին պատերազմների ընթացքում շարունակել է ռազմական տեխնիկայի և սպառազինության արտադրությունը՝ ի հեճուկս հակառակորդի՝ արտադրական հզորությունները կանգնեցնելու փորձերին։ Դրա մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին, հայտնում է Mehr գործակալությունը:

Նա նշել է, որ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցման կառույցների աշխատակիցները թույլ չեն տվել խափանել ռազմական արտադրանքի արտադրական շղթաները 12-օրյա պատերազմի և Ռամադանի պատերազմի ընթացքում։

Հաթամին նշել է, որ նույնիսկ ամենածանր պայմաններում պաշտպանական արդյունաբերության արտադրությունները «ոչ մի րոպե չեն դադարել»։ Նա ընդգծել է, որ վերջին պատերազմները ցույց են տվել, որ Իրանի ազգային պաշտպանական արդյունաբերությունը երկրի զինված ուժերի համար մարտի դաշտում հուսալի հենարան է։

Հայտարարությունն արվել է Հաթամիի և Պաշտպանության նախարարության ու Զինված ուժերի աջակցման կառույցների Պաշտպանական արդյունաբերության կազմակերպության գլխավոր տնօրեն Մեհրդադ Ախլաղիի հանդիպման ընթացքում։ Ախլաղին այցելել է Իրանի բանակի շտաբ, որտեղ գլխավոր հրամանատարի հետ քննարկել է հետագա համագործակցությունը։

Հաթամին Ախլաղիին բնութագրել է որպես պաշտպանական արդյունաբերության ոլորտի փորձառու մասնագետ և հայտարարել, որ բանակը մտադիր է առավելագույնս օգտագործել ազգային ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունները՝ իր ռազմական ներուժն ամրապնդելու և մարտական ու պաշտպանական կարողությունները բարձրացնելու համար։

Ախլաղին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել բանակի հրամանատարությանը՝ գերատեսչության ղեկավարի պաշտոնում աշխատանքի ընթացքում Պաշտպանական արդյունաբերության կազմակերպության հետ համագործակցության համար։ Նա հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Իրանի զինված ուժերի բոլոր չորս տեսակների հետ՝ երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու և բանակի կարիքները ապահովելու նպատակով։