Պատկերացրեք, որ ադրբեջանցի զինծառայողը Հայաստան է ներթափանցել ոչ թե Սյունիքի մարզի Շաքի գյուղի ուղղությամբ, այլ Երսախի կողմից, որը Երևանից մեկ ժամվա ճանապարհի վրա է։ Այսինքն՝ եթե նա ներթափանցեր Երսախի կողմից, ապա կարող էր հասնել Երևան, Արտաշատ, Վեդի։ Դրա մասին հոկտեմբերի 6-ին խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա գնահատմամբ՝ դա վկայում է այն մասին, որ սահմանների պաշտպանության քաղաքականությունը վերանայման կարիք ունի։
Նա հիշեցրել է քննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին։ «Մենք պետք է հասկանանք՝ արդյոք մեր պաշտպանական համակարգն ունա՞կ է դիմակայել թեկուզ այսպիսի փոքր միջադեպերին։ Մենք թույլ չենք տա, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին արտահանձնեն Ադրբեջանին։ Մենք Բաքվում գերիներ ունենք։ Մենք հասնելու ենք նրան, որ ադրբեջանցի զինծառայողը պատժվի օրենքին համապատասխան»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Աբրահամյանն ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավորները, «ի տարբերություն «ՔՊ» կուսակցության պատգամավորների, բյուջեից գործուղումների համար ծախսված միջոցները կվերադարձնեն Հայաստանի քաղաքացիներին»։





























