Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի մասնավոր BrahMos Aerospace ընկերության հետ 661,5 կրոր ռուփիի (մոտ 79 միլիոն ԱՄՆ դոլար) պայմանագիր է կնքել երկրի ռազմածովային ուժերի նավերի համար BrahMos կրակի կառավարման համակարգերի և արձակման կայանքների մատակարարման վերաբերյալ, հաղորդում է Economic Times-ը։

Պայմանագիրը ստորագրվել է Նյու Դելիում՝ Buy (Indian-IDDM) կատեգորիայի շրջանակում, որը նախատեսում է հնդկական արտադրության արտադրանքի գնում, Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհի ներկայությամբ։

BrahMos համակարգերով կհամալրվեն Հնդկաստանի ռազմածովային ուժերի մարտական նավերը։ Համալիրը հնդկական նավատորմի «նավ-նավ» դասի հիմնական հրթիռային սպառազինությունն է և նախատեսված է ծովային թիրախներին հարվածներ հասցնելու համար։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ համակարգը նաև ունակ է զգալի հեռավորության վրա ցամաքային թիրախներ խոցել և գերձայնային արագություն զարգացնել։

Նախարարությունը նշում է, որ պայմանագրի շրջանակում հնդկական արտադրության բաժինը կկազմի առնվազն 68%։ Ակնկալվում է, որ նախագծի իրականացումը կմեծացնի հնդկական ձեռնարկությունների, դրանց թվում՝ միկրո, փոքր և միջին ընկերությունների մասնակցությունը պաշտպանական արտադրանքի արտադրությանը։

Գերատեսչության գնահատմամբ՝ նախագիծը նաև աշխատատեղեր կստեղծի առաջիկա երեք տարվա ընթացքում։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ գնումը կուժեղացնի երկրի ծովային անվտանգության համակարգը և նրա պաշտպանական հնարավորությունները, ինչպես նաև կնպաստի առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների սեփական արտադրության զարգացմանը։

Պայմանագիրը համապատասխանում է պաշտպանական հատվածում տեղական գնումների մասնաբաժինը մեծացնելու և սպառազինությունների ներմուծումից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ հնդկական կառավարության որդեգրած քաղաքականությանը։