Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասանը երեքշաբթի հերքել է այն մեղադրանքները, ըստ որոնց ինքը Եվրախորհրդարանի շենքում անցկացվող՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակմանը նվիրված ցուցահանդեսի ժամանակ հատակին է գցել իսրայելական և եվրոպական դրոշները, գրում է Politico-ն:
Երեքշաբթի քվեարկությունից առաջ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ երկուշաբթի երեկոյան պատգամավորներից մեկին տեսաձայնագրել են ցուցահանդեսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։ Ըստ նրա՝ պատգամավորը, ենթադրաբար, հատակին է գցել իսրայելական դրոշը և գցել դրոշակաձողը, որից հետո հատակին է ընկել նաև ԵՄ դրոշը։
Մեցոլան չի նշել պատգամավորի անունը և չի հայտարարել պատժամիջոցների մասին, սակայն ասել է, որ Եվրախորհրդարանը տեղի ունեցածին «չափազանց լուրջ» է վերաբերվում և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում։ Ըստ նրա՝ խորհրդարանը չի կարող հանդուրժել գույքի վնասումը կամ այնպիսի գործողությունները, որոնք կարող են ընկալվել որպես ահաբեկում։ Պատգամավորը, որի նկատմամբ քննություն է ընթանում, հնարավորություն կստանա ներկայացնելու տեղի ունեցածի իր վարկածը։
Մեցոլայի ելույթից մի քանի րոպե անց Հասանը ամբիոնից հայտարարել է, որ նրա խոսքերը «փաստացի կեղծ» էին։ Ֆրանսիական «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունից պատգամավորը հաստատել է, որ իսրայելական դրոշը հանել է հենարանից, սակայն ասել է, որ ԵՄ դրոշին չի դիպել․ նրա պատմելով՝ եվրոպական դրոշը պատահաբար է ընկել, երբ ինքը կորցրել է հավասարակշռությունը։ Հասանը պնդում է նաև, որ դրոշներից ոչ մեկը չի վնասվել։
Միջադեպը արժանացել է ֆրանսիացի պատգամավոր, աջակենտրոն կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի քննադատությանը, որը նախօրեին Հասանին մեղադրել էր այն բանում, որ նա հատակին է գցել երկու դրոշներն էլ, և կոչ էր արել նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Եվրախորհրդարանի փոխնախագահ Պինա Պիչեռնոն ևս հայտարարել է, որ Հասանը ոտք է դրել դրոշների վրա։
Հասանն, իր հերթին, հանդես է եկել ցուցահանդեսում իսրայելական դրոշի ներկայության դեմ՝ դա համեմատելով Եվրախորհրդարանում ռուսական դրոշի տեղադրման հետ՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին։
Նա հայտարարել է նաև, որ ցուցահանդեսում եղել է այսպես կոչված «Մեծ Իսրայելի» քարտեզ, իսկ կազմակերպիչներն իրեն ասել են, որ պաղեստինյան ժողովուրդ և Պաղեստին գոյություն չունեն։ Այդ պնդումները դեռևս չի հաջողվել անկախորեն հաստատել։ Եվրախորհրդարանի ներկայացուցիչը հայտնել է, որ ցուցահանդեսը կազմակերպել է աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ չհաստատելով դրա անցկացումը Իսրայելի դեսպանատան հետ համատեղ։
Ցուցահանդեսը կազմակերպվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման երրորդ տարելիցին ընդառաջ, որի հետևանքով, իսրայելական կողմի տվյալներով, զոհվել է մոտ 1200 մարդ, ևս 251 մարդ վերցվել է պատանդ։
Ըստ Եվրախորհրդարանի կանոնների՝ լուրջ խախտումների համար պատգամավորին կարող են նկատողություն հայտնել, կրճատել օրական վճարումները կամ ժամանակավորապես սահմանափակել նրա մասնակցությունը խորհրդարանական առանձին միջոցառումներին։





























