Ռուսական ոսկու ներմուծումը Հոնկոնգ հասել է ռեկորդային տեմպերի, ինչը վկայում է ռուսական մետաղի հոսքերի վերաուղղման մասին արևմտյան շուկաներից դեպի Չինաստան և Ասիայի այլ երկրներ՝ պատժամիջոցների սահմանումից հետո, հաղորդում է CNBC-ն։

2026 թվականի առաջին յոթ ամիսներին Հոնկոնգը ներմուծել է ռուսական ծագման 112,7 տոննա ոսկի, հետևում է BullionVault ներդրումային ընկերության իրականացրած՝ Հոնկոնգի մարդահամարի և վիճակագրության վարչության տվյալների վերլուծությունից։ Ծավալն արդեն գերազանցել է ամբողջ 2025 թվականի ընթացքում ներմուծված ռեկորդային 92,1 տոննան։ Համեմատության համար՝ 2021 թվականին, մինչև Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկիզբը, ռուսական ոսկու ներմուծումը կազմել էր ընդամենը 3,3 տոննա։

Հունվար-հուլիսին ռուսական ոսկին ապահովել է Հոնկոնգի ոչ մոնետար ոսկու ներմուծման գրեթե 15%-ը՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի 0,6%-ի դիմաց։

Պատերազմի սկսվելուց հետո ռուսական ոսկու արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերությունները գործնականում զրկվել են հիմնական արևմտյան շուկաներ մուտքից։ 2022 թվականի մարտին Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիան (LBMA) ռուսական վեց աֆինաժային ձեռնարկություն հանել է այն արտադրողների ցանկերից, որոնց ոսկին ճանաչվում է միջազգային շուկայում։ Հետագայում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և արևմտյան այլ երկրներ սահմանափակումներ են մտցրել ռուսական ոսկու նկատմամբ։

Մինչև պատերազմը Ռուսաստանի ոսկու արդյունաբերությունը սերտորեն կապված էր Լոնդոնի հետ։ BullionVault-ի տվյալներով՝ 2019-2021 թվականներին Մեծ Բրիտանիա արտահանված ռուսական ոսկու ծավալը համապատասխանել է Ռուսաստանում մետաղի տարեկան արդյունահանման մոտ երկու երրորդին։

Այժմ գլխավոր ուղղություններից մեկը դարձել է Հոնկոնգը։ Ըստ Gatehouse Advisory Partners-ի ավագ խորհրդատու Վիտա Սպիվակի՝ քաղաքի միջոցով մուտք գործող ռուսական ոսկու մեծ մասն ուղղվում է մայրցամաքային Չինաստան, որը ռուսական ոսկու նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանել։ Բացի դրանից, Հոնկոնգն ապահովում է ուղիղ հասանելիություն աշխարհի ամենախոշոր ոսկու սպառման շուկային։

«Հոնկոնգը միշտ եղել է Չինաստան մուտք գործող ոսկու համար կարևոր տարանցիկ կետ»,- ասել է StoneX-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի շուկաների վերլուծության բաժնի ղեկավար Ռոնա Օ’Քոնելը։ Ըստ նրա՝ այժմ Հոնկոնգը մրցում է Սինգապուրի հետ՝ ոսկու առևտրի առաջատար ասիական կենտրոնի կարգավիճակի համար, և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման առումով մոտ կես տարով առաջ է անցնում նրանից։

Ռուսական ոսկու մատակարարումների աճը համընկել է բուն Չինաստանում մետաղի պահանջարկի աճի հետ։ Պեկինը ոսկին հայտարարել է ռազմավարական կարևոր հումքային ռեսուրս, իսկ Չինաստանի ժողովրդական բանկը շարունակել է ավելացնել ոսկու պահուստները։ S&P Global-ի տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին կեսին Չինաստանի պաշտոնական ոսկու պաշարներն աճել են ավելի քան 40 տոննայով, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում կատարված գնումների ծավալը։

«Բարձր անորոշության ժամանակաշրջաններում սպառողները ձգտում են պաշտպանել իրենց խնայողությունները, և ոսկին դառնում է դրա համար գործիքներից մեկը»,- նշել է S&P Global Ratings-ի փորձագետ Չարլզ Չանը։