Հարավային Կովկասի առանցքային խնդիրները պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները և նրանց անմիջական հարևանները՝ առանց արտաքին միջամտության, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Ըստ նրա՝ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակը, որը միավորում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ունի զգալի ներուժ՝ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման և տնտեսական զարգացման համար։
«Միանգամայն տրամաբանական է, որ տարածաշրջանը, որն իրեն դիրքավորում է որպես կարևոր օղակ եվրասիական երթուղիների համակարգում, պետք է մտահոգվի կայունության և զարգացման ապահովման հարցերով»,- ասել է Կալուգինը։
Նրա կարծիքով՝ դրան կարելի է հասնել Հարավային Կովկասի երկրների և նրանց անմիջական հարևանների փոխգործակցության միջոցով՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի հիման վրա։
«Առանցքային խնդիրները լուծել համատեղ՝ առանց դրսից պարտադրվող բաղադրատոմսերի՝ »,- ընդգծել է դիվանագետը։
Կալուգինը «3+3» ձևաչափի գլխավոր առավելությունը համարել է դրա միավորող օրակարգը։ Ըստ նրա՝ մասնակիցները կարող են համագործակցել գործնական ոլորտներում, որոնց թվում՝ տրանսպորտի, լոգիստիկայի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, մշակույթի և կրթության ոլորտներում։
Դիվանագետը նաև հայտարարել է, որ Վրաստանը կարող է ցանկացած ժամանակ միանալ հարթակի աշխատանքներին։
«Վրաստանը, որի համար դուռը մնում է բաց, կարող է ցանկացած ժամանակ միանալ Հարթակի աշխատանքներին»,- ասել է նա։
«3+3» ձևաչափը 2020 թվականի վերջին առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վեց երկրի ներկայացուցիչների առաջին հանդիպումը արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին։ 2023 թվականի հոկտեմբերին Թեհրանում կայացել է ԱԳ նախարարների առաջին հանդիպումը, իսկ վերջինը այս պահի դրությամբ տեղի է ունեցել Ստամբուլում՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին։




























