Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակումից հետո աշակերտուհին մահացել է հիվանդանոցում, իսկ ևս յոթ դպրոցական վիրավորվել է, հայտնում է Թուրքիայի ՆԳՆ-ն։
Գերատեսչության X-ում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ աղջիկը մահացել է՝ հակառակ բժիշկների՝ նրան փրկելու բոլոր ջանքերին։ Վիրավորված մյուս յոթ աշակերտները դեռևս հիվանդանոցում են։
Անվտանգության ուժերը ձերբակալել են հարձակման մեջ կասկածվողին։ ՆԳՆ տվյալներով՝ սկսվել է դատական վարույթ։ Գերատեսչությունը չի հայտնել նրա տարիքը և հնարավոր շարժառիթները։
Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակվողը մերձակա մեկ այլ դպրոցի աշակերտուհի էր։ Ըստ նահանգապետի՝ Բաշաքշեհիր շրջանում աշակերտուհին դպրոց է մտել դպրոցական համազգեստով և սկսել է «առանց խտրության» դանակի հարվածներ հասցնել աշակերտներին։
Պետական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտ 8:40-ին՝ Քայաբաշը շրջանում։ Սոցիալական ցանցերում տարածվել են դպրոցի մոտ շտապօգնության մեքենաների և շենքից դուրս վազող, սարսափահար աշակերտների կադրեր։
Այս տարի դպրոցներում բռնության խնդիրը Թուրքիայում մեծ ուշադրություն է գրավել մի քանի հարձակումներից հետո։ Ապրիլին երկրի համար հազվադեպ դեպք էր տեղի ունեցել՝ արևելյան Քահրամանմարաշ նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն, որի հետևանքով զոհվել էր 11 մարդ, որոնց թվում՝ ուսուցիչը և հենց հարձակվողը՝ դպրոցի աշակերտը։





























