Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել Չինաստանում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱՏՀԷՀ) գագաթնաժողովի շրջանակում, սակայն բանակցությունների ժամանակը դեռ որոշված չէ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Կոմերսանտը»։

Ըստ նրա՝ հանդիպման կոնկրետ «պատուհանը» կախված կլինի գագաթնաժողովի ժամանակացույցից, որը չինական կողմը դեռ պետք է ձևավորի։

Ուշակովը նաև հայտարարել է, որ Պուտինի, Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումն առայժմ գործնականում չի մշակվել։

«Այս գաղափարը օդում է կախված։ Բոլորը դրա մասին գիտեն, առաջին հերթին լրագրողները, բայց մենք նույնպես դրա մասին գիտենք։ Անկեղծ ասած՝ այս հանդիպման նման գործնական մշակմամբ առայժմ դեռ ոչ ոք չի զբաղվել»,- ասել է նախագահի օգնականը։

Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ հնարավոր եռակողմ բանակցությունների հարցը կարող է հստակվել, երբ չինական կողմը հաստատի գագաթնաժողովի ժամանակացույցը։ Ուշակովի ասելով՝ ծրագրում կարող են նախատեսվել «հատուկ պատուհաններ» երկկողմ և, հնարավոր է, եռակողմ հանդիպումների համար։

ԱՏՀԷՀ գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18–19-ին Շենժենում։ Ավելի վաղ Պուտինը հավանություն էր տվել գագաթնաժողովի շրջանակում Թրամփի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին՝ նշելով, որ դրա անցկացման համար անհրաժեշտ է որոշել օրակարգը։