Ամերիկյան պատվիրակությունը մոտ օրերին կարող է ժամանել Իսրայել՝ ստուգելու համար՝ արդյոք երկիրը պահպանո՞ւմ է անվտանգության այն պահանջները, որոնք նախատեսված են ԱՄՆ-ի առանց վիզայի մուտքի ծրագրով, հայտնում է 12-րդ ալիքը։

Այժմ պատվիրակությունը ԱՄԷ-ում է, որտեղ ուսումնասիրում է ավիացիայում անվտանգության ապահովման ընթացակարգերը։ Իսրայել այցը սպասվում է, երբ անցած շաբաթ Flydubai-ի ինքնաթիռի բորտում ահաբեկչական գործողության փորձը բացահայտեց Իսրայել կատարվող օտարերկրյա ավիաչվերթների անվտանգության խնդիրները։ Բացի դրանից, հաղորդվել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկիր են մուտք գործել մոտ 1240 անձնակազմի անդամներ այն պետություններից, որոնք Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն։

Ամերիկյան կողմը կստուգի՝ արդյոք Իսրայելը կատարո՞ւմ է 2023 թվականին համաձայնեցված պայմանները։ Նույն տարում երկիրը միացել է Visa Waiver Program ծրագրին, որն Իսրայելի քաղաքացիներին հնարավորություն է տալիս մեկնել ԱՄՆ առանց վիզայի՝ ESTA էլեկտրոնային թույլտվության համակարգի առկայության դեպքում։

Զուգահեռաբար Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը նամակ է հղել բարձրաստիճան պաշտոնյաներին, ներառյալ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուին, առաջարկելով Իսրայել ժամանող բոլոր ուղևորների և անձնակազմերի անդամների համար հատուկ «ավիացիոն վիզա» սահմանել։

Ըստ առաջարկի՝ մուտքի թույլտվությունը պետք է տրամադրեր Բնակչության և ներգաղթի հարցերով վարչությունը թռիչքից 48 ժամ առաջ։

Ռեգևը նաև խնդրել է 40 միլիոն շեկել (մոտ 13 միլիոն ԱՄՆ դոլար) և 10 լրացուցիչ հաստիք, որպեսզի նախարարությունը կարողանա կատարել իր պարտականությունները չարտերային չվերթների նկատմամբ։

12-րդ ալիքի տվյալներով՝ պաշտոնյաները քիչ հավանական են համարում «ավիացիոն վիզա» սահմանելու առաջարկի հաստատումը։ Պատճառներից մեկն, ըստ նրանց, այն վտանգն է, որ մյուս երկրները կարող են նմանատիպ պահանջներ սահմանել արտասահման մեկնող իսրայելցիների համար։