Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հոկտեմբերի 21–23-ը կայցելի Անկարա և Ստամբուլ։ Դա կլինի կանադացի վարչապետի առաջին առանձին երկկողմ այցը Թուրքիա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կառավարության ղեկավարի գրասենյակին։

Անկարայում Քարնին բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, ներառյալ՝ համագործակցությունը էներգետիկայի և օգտակար հանածոների արդյունահանման, կլիմայի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։

Ստամբուլում Կանադայի վարչապետը կհանդիպի թուրքական բիզնեսի ներկայացուցիչների և ներդրողների հետ և կներկայացնի Կանադան որպես առևտրի և ներդրումների համար գրավիչ ուղղություն։

Քարնիի գրասենյակի տվյալներով՝ վարչապետը մտադիր է ընդգծել առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները առաջնահերթ ոլորտներում, ներառյալ էներգետիկան, ավիատիեզերական արդյունաբերությունը, առաջատար տեխնոլոգիաները, օգտակար հանածոների և ռազմավարական կարևոր հումքի արդյունահանումը։

Այցը կլինի Կանադայի արտաքին տնտեսական կապերն ընդլայնելու ուղղությամբ Քարնիի հերթական քայլը՝ այն պայմաններում, երբ երկիրը ձգտում է նվազեցնել կախվածությունն ԱՄՆ-ից՝ իր խոշորագույն առևտրային գործընկերոջից։ Օգոստոսին Վաշինգտոնի հետ առևտրային բանակցությունների տապալումից հետո Կանադայի կառավարությունն ակտիվացրել է շփումներն այլ երկրների հետ։

Քարնին նպատակ է դրել առաջիկա տասնամյակի ընթացքում կրկնապատկել Կանադայի առևտրի ծավալը ԱՄՆ-ից դուրս գտնվող պետությունների հետ։ Վերջին ամիսներին Օտտավան նաև ակտիվացրել է հարաբերությունները մի շարք երկրների, մասնավորապես՝ Չինաստանի և Հնդկաստանի հետ՝ չնայած նախկին տարաձայնություններին։

Քարնին և Էրդողանն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսել են հուլիսին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Բացի դրանից, Թուրքիան համաձայնել է դառնալ Կանադայի պաշտպանության անվտանգության և կայունության բանկի տասը հիմնադիր երկրներից մեկը, որը ստեղծվել է Քարնիի բազմակողմ նախաձեռնությամբ՝ այսպես կոչված «միջին տերությունների» համար։