Օդանավում պայթյունի սպառնալիք հնչեցրած տղամարդը լուրջ խափանումներ է առաջացրել Շտուտգարտի օդանավակայանի աշխատանքում. ստուգման գոտում իրականացված ոստիկանական գործողության պատճառով օդային հաղորդակցությունը մոտ մեկուկես ժամով դադարեցվել է, հայտնում է Welt-ը։
Անվտանգության միջոցառումների ազդեցության տակ են հայտնվել գրեթե 30 չվերթ և շուրջ երեք հազար ուղևոր, հայտնում է Գերմանիայի դաշնային ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 24-ամյա տղամարդը ստուգումն անցնելուց հետո օդանավակայանի աշխատակցուհուն հայտնել է, որ իր ուղեբեռում ռումբ կա։ Դրանից հետո ոստիկանությունը անվտանգության գոտուց տարհանել է ուղևորներին և դադարեցրել մեկնումներն ու ժամանումները։ Սահմանափակումները գործել են մոտավորապես 16:30-ից մինչև 18:00։
Ոստիկանությունը ստուգել է տարհանված գոտին, սակայն իրական սպառնալիք չի հայտնաբերվել։ Գործողության ավարտից հետո ուղևորների ստուգումները վերսկսվել են, իսկ օդային հաղորդակցությունն աստիճանաբար վերականգնվել է։
Տղամարդուն իջեցրել են եգիպտական Հուրգադա մեկնող չվերթից։ Նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ հանցագործություն կատարելու սպառնալիքով հասարակական կարգը խախտելու կասկածանքով։ Դրանից հետո նրան ազատ են արձակել։
Օդանավակայանի տվյալներով՝ ինը չվերթ ստիպված են եղել ամբողջությամբ չեղարկել, ևս ինը վերահասցեագրվել են՝ հիմնականում դեպի Նյուրնբերգի և Կառլսրուե/Բադեն-Բադենի օդանավակայաններ։ Եվս 11 չվերթ ուշացել է շուրջ երեք ժամով։
Անվտանգության գոտու տարհանման պատճառով բոլոր ուղևորները ստիպված են եղել կրկին ստուգում անցնել։ Օդանավակայանում նշել են, որ երեկոյան ժամերն ամենածանրաբեռնված ժամանակահատվածն են, ուստի աշխատանքի դադարեցումը հատկապես ուժեղ է ազդել չվացուցակի վրա։




























