Մարդու իրավունքների ոլորտում հայտնի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակին եւ Երեւանում օրեր առաջ տեղի ունեցած Աղոթքի նախաճաշին, որին մասնակցում էր նաեւ Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը։
«Աղոթքի նախաճաշերը դարձել են արտաքին քաղաքականության գործիք»
Անդրադառնալով օրերս Երևանում տեղի ունեցած Աղոթքի նախաճաշին՝ Ամստերդամը նշել է, որ որևէ կերպ չի կասկածում ամերիկացի պատվիրակների և մասնակից մյուս եկեղեցականների բարի մտադրություններին, ովքեր «վստահաբար, տեղյակ չեն տարվող քաղաքական խաղերին», սակայն, նրա խոսքով, նման միջոցառումներն օգտագործվում են որպես «ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք»։
«Մենք տեսել ենք, թե ինչպես է պարոն Զելենսկին դա անզիջում կերպով օգտագործում Ուկրաինական ուղղափառ եկեղեցու դեմ իր հարձակումներում, իսկ այժմ տեսնում ենք Հայաստանում, որտեղ փորձ է արվում լեգիտիմացնել Փաշինյանի հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Աշխարհում չկա որևէ արդարացում նրան, որ Երևանում կարող էր Աղոթքի նախաճաշ անցկացվել, երբ Կաթողիկոսի դեմ դատական գործընթաց է ընթանում։ Դա պարզապես խայտառակություն է, և ես պարզապես ապշած եմ, որ կազմակերպիչները հերթական անգամ որոշել են Աղոթքի նախաճաշով պարգևատրել մարդկանց, ովքեր փորձում են ապօրինի կերպով զավթել իշխանությունը»,- ընդգծել է փաստաբանը։
Նա շեշտել է, որ այն, ինչ անում է Փաշինյանը, հոգևոր հեղաշրջում է․ «Նա փորձում է գերիշխանություն և տիրապետություն հաստատել Հիսուս Քրիստոսի հետևորդների նկատմամբ։ Սա բոլորովին հակասում է Հայաստանի օրենսդրությանը, միջազգային իրավունքին և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին»։
Փաստաբանն ուշագրավ է համարել նաև այն, որ Աղոթքի նախաճաշին մասնակցած հյուրերը, այդ թվում՝ Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը, ներկա են գտնվել Սուրբ Էջմիածնում մատուցվող պատարագին, որից հետո Ուայթ-Քեյնին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նրա համոզմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան հյուրերի այս այցելությունն ինքնին ազդանշան էր, որ Փաշինյանի գործողությունները հավանության չեն արժանանալու։
«Կառավարության զեկույցը «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթից է»
Մեկնաբանելով կառավարության հրապարակած 74 էջանոց զեկույցը Եկեղեցու «ներքին ճգնաժամի» մասին՝ միջազգային իրավապաշտպանը նշել է, որ այն որևէ հիմնավորում չունի և ավելի շատ հիշեցնում է PR ընկերության անորակ պատվեր․
«Սա «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթը հիշեցնող մի զեկույց է, որը նույնիսկ ավագ դպրոցի աշակերտների խմբին հարիր չէ։ Սա խայտառակություն է, չունի որևէ հիմնավորում, հակասում է օրենքին և ուղղակի ծաղր է։ Նիկոլ Փաշինյանը, 50% ձայն չստանալով հանդերձ, հստակ ասաց, որ պատրաստվում է օգտագործել իր իշխանությունը Եկեղեցին ոչնչացնելու համար։ Սա հենց Եկեղեցու ուժի ապացույցն է, որ ստիպված են եղել արտադրել աղբի նման մի կույտ»։
Ամստերդամը նշել է, որ իր դիտարկմամբ զեկույցում որևէ բովանդակություն չկա․ «Այն բաղկացած է բամբասանքներից ու ստերից, և կառավարությունը պետք է ամոթից գլուխը կախի։ Խայտառակություն է, որ նրանք այսքան ջանք են ներդրել Փաշինյանի անձնական կռվի մեջ, որը նա երբեք չի հաղթելու։ Ավելի լավ կլիներ այդ ժամանակը ծախսեին պատանդներին վերադարձնելու և Արցախից տեղահանվածների վերադարձի իրավունիք համար պայքարի վրա»։
«Աշխարհիկ իշխանությունը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին ընթացակարգերին»
Խոսելով Եկեղեցու կառավարմանը պետության հնարավոր օրենսդրական միջամտության մասին՝ Ռոբերտ Ամստերդամը շեշտել է, որ դա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է․
«Այնքան պարզ ու ակնհայտ է․ չի՛ կարելի թույլ տալ, որ աշխարհիկ իշխանությունը միջամտի Եկեղեցու ներքին ընթացակարգերին։ Սա հարյուրավոր տարիներով ձևավորված ու հաստատված իրավական նորմ է։ Պարոն Փաշինյանը փորձում է իշխանության զավթում իրականացնել Եկեղեցու նկատմամբ, ինչը ի վերջո անհաջողության է մատնվելու և չեղարկվելու է դատարաններում, ինչպես տեղի ունեցավ Բուլղարիայում»։
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ փաստաբանը նշել է․ «Պարոն Փաշինյանն այժմ օգտվում է հակառուսական տրամադրությունների այն ալիքից, որը համակել է Արևմուտքին, և Արևմուտքը ներկայումս շատ զգույշ է որևէ բան ասելու հարցում։ Սակայն այս իրավիճակը երկար չի տևի, և եկեղեցու նկատմամբ նման միջամտությունը չի հանդուրժվի։ Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և գիտակցի, որ Փաշինյանի կառավարության այս վարքագիծը բացարձակապես անընդունելի է և դուրս է ամեն տեսակ սահմաններից»։











