Կատալոնացի անջատականների առաջնորդ Կառլես Պուչդեմոնը կկարողանա վերադառնալ Իսպանիա ինը տարվա աքսորից հետո․ երկրի Սահմանադրական դատարանը երեքշաբթի որոշում է ընդունել, որը նրա համար բացում է տուն վերադառնալու ճանապարհը, ինչից հետո Գերագույն դատարանը չեղարկել է քաղաքական գործչի նկատմամբ գործող ձերբակալության հրամանագիրը, հայտնում է El Pais-ը։

Բելգիական Վատերլոոյից Պուչդեմոնը ողջունել է դատարանի որոշումը՝ դա անվանելով Իսպանիայում այն ուժերի «պարտությունը», որոնք, ըստ նրա, քաղաքական պատճառներով խոչընդոտում էին համաներման մասին օրենքի իրագործմանը և ձգձգում այդ գործընթացը։

Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել է, որ համաներումը չի լուծել Կատալոնիայի և Իսպանիայի միջև ձգձգվող հակամարտությունը։ «Ձևացնել, թե մենք ապրում ենք բնականոնության և ներդաշնակության մեջ, սուտ է»,- ասել է նա՝ հավելելով, որ հակամարտությունը հնարավոր չէ լուծել դատարանների միջոցով, և այն կարելի է կարգավորել միայն քաղաքական ճանապարհով։ Թե կոնկրետ երբ է մտադիր վերադառնալ Իսպանիա, Պուչդեմոնը չի հայտնել։

Պուչդեմոնն Իսպանիան լքել էր 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Կատալոնիայի անկախությանը հասնելու ձախողված փորձից հետո։ Տարածաշրջանում անցկացվել էին կենտրոնական իշխանությունների տեսանկյունից անօրինական անկախության հանրաքվե և դրան հաջորդած Իսպանիայի կազմից դուրս գալու քվեարկություն։ Մադրիդը Կատալոնիայում հաստատել էր ուղիղ կառավարում, իսկ Պուչդեմոնն ու նրա կառավարության մի քանի անդամներ մեկնել էին արտասահման։

Իսպանիայում մնացած կատալոնացի քաղաքական գործիչները դատապարտվել էին մինչև 13 տարվա ազատազրկման, սակայն հետագայում համաներում էին ստացել վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարության կողմից։ Պուչդեմոնը չէր կարող օգտվել համաներումից, քանի որ այն կիրառվում է արդեն դատապարտված անձանց նկատմամբ։

Պուչդեմոնի նկատմամբ իսպանական իշխանությունները նախ տվել էին ազգային, ապա եվրոպական ձերբակալության հրամագիր։ Սկզբնական մեղադրանքները ներառում էին խռովություն և խռովության դրդում, սակայն խռովության մեղադրանքը հանվել էր, քանի որ անջատականները բռնության չէին դիմել։ Խռովության դրդման մասին հոդվածը Իսպանիայում չեղարկվել էր 2023 թվականին։ Մնացած հիմնական մեղադրանքը դարձել էր 2017 թվականի հանրաքվեի նախապատրաստման ժամանակ պետական միջոցների ապօրինի օգտագործումը։

2024 թվականին Սանչեսի կառավարությունն ընդունեց համաներման մասին օրենք՝ անկախության հանրաքվեի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասնակիցների համար։ Գերագույն դատարանը հրաժարվել էր այն տարածել Պուչդեմոնի վրա՝ համարելով, որ քաղաքական նպատակների ֆինանսավորման համար պետական միջոցների օգտագործումը կարող էր դիտվել որպես անձնական հարստացում, որը համաներման մասին օրենքը բացառում է։

Սահմանադրական դատարանն այժմ որոշել է, որ տվյալ դեպքում պետական միջոցների օգտագործումն անձնական հարստացում չէ։ Դրանից հետո Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան չեղարկել է Պուչդեմոնի ձերբակալության համանագիրը։

Աքսորի տարիներին Պուչդեմոնը բազմիցս բախվել է իսպանական իշխանությունների՝ իրեն ձերբակալելու փորձերին։ 2018 թվականի մարտին նրան ձերբակալել էին Գերմանիայում՝ ավտոմայրուղով ճանապարհորդելիս, սակայն 13 օր անց ազատ էին արձակել։ 2021 թվականին նրան կարճ ժամանակով ձերբակալել էին Սարդինիայում։

2024 թվականին Պուչդեմոնն անսպասելիորեն հայտնվել էր Բարսելոնայում, ելույթ ունեցել մի քանի հազար կողմնակիցների առջև և կրկին անհետացել՝ հակառակ ոստիկանության լայնածավալ որոնումներին։

Պուչդեմոնի վերադարձն առայժմ չի նշանակում լուրջ փոփոխություններ կատալոնական քաղաքականությունում․ նրա Junts կուսակցությունը, ըստ հարցումների, դիրքերը զիջել է համեմատաբար նոր աջ պոպուլիստական անջատական Aliança Catalana կուսակցությանը։