Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական կարգավորման հարցում մնում են անփոփոխ, Մոսկվան հանդես է գալիս ամուր խաղաղության հաստատման, անվտանգության ապահովման և Հարավային Կովկասի զարգացման օգտին, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը շարունակում է հանդես գալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին հիմնական ուղղություններով, ներառյալ խաղաղության համաձայնագրի կնքումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատումը և հասարակությունների միջև կապերի զարգացումը։

«Կարևոր է ապահովել խաղաղության գործընթացի անշրջելիությունը՝ հավասարակշռված որոշումների և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով»,- ասել է Կալուգինը։

Նա նշել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափն ի սկզբանե ուղղված էր բոլոր կողմերի շահերը հաշվի առնող փոխընդունելի լուծումների որոնմանը։ Ըստ դիվանագետի՝ 2020–2022 թվականներին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն ու մշակումները պահպանում են արդիականությունը։

Կալուգինը հատուկ ուշադրություն է դարձրել տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի աշխատանքին, որը ղեկավարում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը։ Ըստ նրա՝ մինչև 2023 թվականը կողմերը մոտ էին կոնկրետ որոշումների ընդունմանը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում էր Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնմանը Հայաստանի Սյունիքի մարզով, ինչպես նաև հայկական երկաթուղային ենթակառուցվածքի ապաշրջափակմանը՝ դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելքով։

«Եթե Երևանը չհրաժարվեր համատեղ աշխատանքից, ապա այս պայմանավորվածությունների իրականացման կոնկրետ արդյունքները տեղում՝ տարածաշրջանում կառուցված և վերականգնված հաղորդակցությունների տեսքով, մենք կարող էինք տեսնել արդեն 2027 թվականին»,- հայտարարել է Կալուգինը։

Նա հղում է արել Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերին, որը 2026 թվականի ապրիլին հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցային գործընթացում Ռուսաստանին չտեսնելու ցանկությունն անվանել էր «մեծ սխալ»։

Կալուգինը մեկնաբանել է նաև Սյունիքում «Թրամփի ճանապարհները» նախագիծը՝ հայտարարելով, որ այն շատ առումներով կրկնում է նախորդ տարիների մշակումները։ Նրա խոսքով՝ միաժամանակ նախագծի վերաբերյալ դեռևս շատ հարցեր կան, մասնավորապես՝ դրա պարամետրերի, ենթակառուցվածքի կառուցման և շահագործման ժամկետների, ինչպես նաև ենթադրվող բեռնահոսքերի վերաբերյալ։

«Ըստ էության, դրա թիրախային ցուցանիշներից ոչ մեկը հրապարակված չէ»,- ասել է դիվանագետը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել իր միջնորդությունը, ընդգծել է Կալուգինը։

«Միշտ պատրաստ ենք ընկերական կերպով արձագանքելու Երևանի և Բաքվի խնդրանքին՝ ցուցաբերելու պահանջվող աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարեկեցության շուտափույթ հաստատման նպատակով»,- հայտարարել է նա։