Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերի հաշվառման հիման վրա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Ըստ նրա՝ Մոսկվան և Բաքուն կարողացել են «շրջել էջը» 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ավիավթարից հետո, որն ընդհանուր ողբերգություն դարձավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի համար։

Միջադեպի հետևանքների կարգավորման գործում կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև վստահելի երկխոսությունը։ Ապրիլի 15-ին երկու երկրի արտաքին գործերի նախարարությունները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում արձանագրել են ավիավթարի բոլոր հետևանքների պատշաճ կարգավորումը, ներառյալ փոխհատուցումների վճարումը։

Հուլիսին պաշտոնական այցով Մոսկվա է այցելել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ նրա բանակցությունների արդյունքներով կողմերը հաստատել են երկկողմ կապերի ամրապնդման և 2022 թվականի փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ներուժի իրացման պատրաստակամությունը։

Ըստ Կալուգինի՝ միջպետական շփումները շարունակվում են բարձրագույն և բարձր մակարդակներում։ Սեպտեմբերի սկզբին երկու երկրի նախագահները բանակցություններ են անցկացրել Բիշքեկում ՇՀԿ միջոցառումների շրջանակում։

Ակտիվ փոխգործակցությունը պահպանվում է նաև կառավարությունների գծով։ Ապրիլի 15–16-ին Զանգելանում տեղի է ունեցել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը։ Դրա համանախագահները՝ Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը, պայմանավորվել են համատեղ աշխատել երկկողմ ապրանքաշրջանառության նախկին ծավալների վերականգնման ուղղությամբ և նպաստել ադրբեջանական «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում» նախագծերին ռուսական բիզնեսի մասնակցությանը։

Համագործակցության առանձին ուղղություն է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղի զարգացումը, որը Ռուսաստանից Կասպից ծովի երկայնքով անցնում է Ադրբեջանով և Իրանով։ Այդ նախագծի նշանակությունը, ըստ Կալուգինի, դուրս է գալիս ռուս-ադրբեջանական երկկողմ օրակարգի շրջանակներից, նշել է ռուսական կողմի ներկայացուցիչը։