Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի ենթադրյալ դեպքի վերաբերյալ լուրերի ֆոնին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին առողջությանն ու անվտանգությանն սպառնացող հնարավոր ռիսկերի մասին։

Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը հայտնել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին, քանի որ տեղեկություններ են տարածվել ենթադրյալ թոքային ժանտախտից մարդու մահվան, ինչպես նաև Իրկուտսկում կարանտին սահմանելու և հիվանդանոցներ փակելու մասին։

«ԱՄՆ դեսպանատանը հայտնի է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածանքով մարդու մահվան, ինչպես նաև դրա հետ կապված կարանտինային միջոցառումների ու Իրկուտսկի հիվանդանոցների փակման մասին մամուլի հրապարակումներին։ Մենք շարունակում ենք աչալրջորեն հետևել իրադարձությունների ընթացքին», — ասված է դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Դիվանագիտական ներկայացուցչությունից ընդգծել են, որ Ռուսաստանում սեփական քաղաքացիներին աջակցելու ԱՄՆ հնարավորությունները սահմանափակ են, հատկապես Մոսկվայից դուրս։ Բացի այդ, անվտանգության և առողջապահական նկատառումներից ելնելով՝ ամերիկյան կառավարության աշխատակիցների համար կարող են Ռուսաստանի առանձին շրջաններ այցելելու լրացուցիչ սահմանափակումներ մտցվել։

Տվյալ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել առողջապահական տեղական մարմինների ցուցումներին և բարձր ջերմության կամ շնչառական ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկի։ Իսկ նրանց, ովքեր վերջերս են այցելել Իրկուտսկի մարզ, խորհուրդ է տրվում վերադառնալուց հետո 14 օր շարունակ ուշադիր հետևել ինքնազգացողությանը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը պահպանում է դեպի Ռուսաստան ուղևորությունների համար գործող չորրորդ՝ առավելագույն մակարդակի նախազգուշացումը։

ՌԴ տարածքում գտնվող ամերիկացիներին հերթական անգամ հորդորել են «անհապաղ լքել երկիրը»։ Իսկ նրանց, ովքեր ծրագրում են այցելել Ռուսաստան, Պետդեպարտամենտը հորդորում է հետ կանգնել այդ մտքից՝ վկայակոչելով ապօրինի ձերբակալությունները ու անվտանգային այլ ռիսկերը։