Չեխիայում ռուսական ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացածների թիվը 7 է:
Այս մասին հաղորդում է չեխական «ՉՏԿ» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 19 վիրավորի մասին:
Չեխիայի փրկարար ծառայության շրջանային մասնաճյուղի ղեկավարի տեղակալ Պյոտր Մահայի խոսքով, Արտակարգ իրավիճակում ԱՆ-30 օդանավի տուժածներին սխալմամբ մի քանի անգամ են հաշվել:
Նրա խոսքով, երկու մարդ այրվածքներով տեղափոխվել է Պրահայի հիվանդանոց, 4 մարդ` Քոլինի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունք, մեկ տուժածի տեղում են օգնություն ցուցաբերել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ռուսական ռազմական ԱՆ-30 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Չեխիայում, Չասլավ քաղաքի օդանավակայանում: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հրդեհվել է: Օդանավը այրվել է ամբողջությամբ եւ վերականգնման ենթակա չէ: Նախնական տվյալներով, վայրէջքի ժամանակ կոտրվել է շասսիի սկզբնամասը, այն քթով բախվել է թռիչքուղուն, դուրս եկել դրա սահմաններից եւ բռնկվել:
Ինքնաթիռը, որ նախատեսված է օդադիտման եւ աէրոլուսանկարահանման համար, թռիչքներ էր իրականացնում «Բաց երկինք» առաքելության շրջանակներում:
Ռուսական ինքնաթիռում 23 մարդ է եղել, Ռուսաստանի 14 քաղաքացիներ եւ 9 չեխ զինվորականներ:




























