ԱՄՆ-ը որոշել է պաշտոնական դիվանագիտական հարցում ուղարկել Ռուսաստանին՝ պահանջելով հավելյալ տեղեկություններ տրամադրել Իրկուտսկի մարզի Հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվան վերաբերյալ։ Այս մասին The Washington Post (WaPo) պարբերականին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Ըստ նրանց՝ դիվանագիտական նոտան կամ դեմարշը նպատակ ունի ռուսական կողմին հիշեցնել վարակիչ հիվանդությունների բռնկումների մասին այլ պետություններին ժամանակին իրազեկելու իր միջազգային պարտավորությունների մասին։

Հարցման նախապատրաստումը սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ «Ռուսաստանն ակնհայտորեն պարտավոր է աշխարհին ավելի շատ տեղեկություն տրամադրել»։ Միևնույն ժամանակ Պետքարտուղարությունում WaPo-ի աղբյուրը հայտնել է, որ գերատեսչության առողջապահության հարցերով մասնագետները դեռ հոկտեմբերի 2-ին են կապ հաստատել ՌԴ ԱԳՆ-ի հետ և քննարկել այս հարցը։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է, որ անհանգստացած է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին լուրերով։ Նա ստեղծված իրավիճակը Ռուսաստանի համար «մեծ խնդիր» է որակել՝ չբացառելով, որ գուցե ԱՄՆ-ը ստիպված լինի օգնություն տրամադրել Մոսկվային։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ ժանտախտի ենթադրյալ դեպքի կապակցությամբ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ։

Ամերիկացի պաշտոնյաների շրջանում CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սիբիրում Հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվան լուրն անհանգստություն է առաջացրել ԱՄՆ նախագահի վարչակազմում։ «Այս պահին մենք քիչ բան գիտենք այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Բայց մի բանում մեզանից շատերը համոզված են՝ ռուսները կգործեն այնպես, ինչպես չինացիները COVID-19-ի ժամանակ։ Նրանք անկեղծ չեն լինի»,— ասել է CNN-ի զրուցակիցներից մեկը։

Ժանտախտի հնարավոր բռնկման մասին լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ Իրկուտսկի մարզի Շելեխով քաղաքի հիվանդանոցում մահացավ Հակաժանտախտային ինստիտուտի 27-ամյա աշխատակցուհի Դարյա Շիպիլովան։ Վարկածներից մեկի համաձայն՝ երիտասարդ կինը վերադարձել էր Բուրյաթիա կատարած գործուղումից, որտեղ՝ Մոնղոլիայի հետ սահմանին, ժանտախտի օջախ էր գրանցվել։ Ըստ մյուս վարկածի՝ նա լաբորատորիայում պատահաբար կոտրել էր վտանգավոր բակտերիայով լի փորձանոթը։

Նրա մահից հետո Շելեխովի հիվանդանոցը փակվել է կարանտինի. հայտնաբերվել և հոսպիտալացվել է մահացածի հետ շփում ունեցած 189 անձ։ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտարարել է, որ հոսպիտալացվածների մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել։ Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզոր»-ն աշխատակցուհու հիվանդությունը որակել է որպես «անհայտ ծագման թոքաբորբ» և վստահեցրել, որ Իրկուտսկի մարզում «սանիտարահամաճարակային իրավիճակը հանգիստ է»։