Ամերիկյան ֆոնդային ինդեքսներն աճել եբ երեքշաբթի օրվա դրությամբ, ընդ որում S&P 500-ի և Nasdaq-ի ցուցանիշները թարմացրել են պատմական առավելագույնները։
Շուկայի վրա դրական ազդեցություն է ունեցել ամերիկյան պետական պարտատոմսերի եկամտաբերության (որը նախկինում հասել էր բազմամյա առավելագույնի) և նավթի գների նվազումը։ Սա փարատել է վերջին շաբաթներին ներդրողներին անհանգստացնող մտավախությունները և թույլ տվել նրանց ուշադրությունը կենտրոնացնել ընկերությունների եռամսյակային հաշվետվությունների մոտեցող շրջանի վրա։
LSEG-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջին հաշվով կանխատեսում են, որ S&P 500 ինդեքսում ընդգրկված ընկերությունների շահույթը երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30,6%-ով։
Ըստ FedWatch գործիքի՝ թրեյդերներն այժմ ընդամենը 19% հավանականությամբ են ակնկալում, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն այս ամսվա նիստում կնվազեցնի բազային տոկոսադրույքը։ Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը հասնում էր գրեթե 51%-ի։
Երեքշաբթի Advanced Micro Devices-ի բաժնետոմսերը թանկացել են 2,8%-ով։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լիզա Սուն հայտարարել է 2027 թվականին չիպերի մատակարարման ծավալներն էականորեն մեծացնելու ծրագրերի մասին՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված սրընթաց աճող պահանջարկը բավարարելու նպատակով։
Միկրոչիպեր նախագծող Marvell Technology ընկերությունը բարելավել է իր հասույթի կանխատեսումը 2028 ֆինանսական տարվա համար (որը մեկնարկելու է 2027 թվականի փետրվարի 1-ին), ինչի արդյունքում ընկերության բաժնետոմսերն աճել են 5,8%-ով։
Այս նորությունները նպաստել են նաև կիսահաղորդիչների ոլորտի մի շարք այլ ընկերությունների բաժնետոմսերի թանկացմանը. Nvidia Corp.-ի և Qualcomm Inc.-ի արժեթղթերն աճել են 0,1%-ով, Broadcom-ինը՝ 3,7%-ով, Texas Instruments-ինը՝ 0,8%-ով, իսկ Analog Devices-ինը՝ 0,4%-ով։
«Alphabet Inc.» հոլդինգի կազմում գտնվող Google ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Constellation Energy-ի հետ՝ իր տվյալների մշակման կենտրոնները ատոմակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայով ապահովելու նպատակով։ Այս ֆոնին Constellation Energy-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են 12,3%-ով, իսկ Alphabet-ինը՝ 0,4%-ով։
Ներերակային (ինֆուզիոն) թերապիայի ծառայություններ մատուցող Option Care Health-ի բաժնետոմսերը ցատկել են 32,7%-ով (հասնելով 31 դոլարի) այն լուրերի ֆոնին, որ դեղորայքի մատակարար McKesson Corp. ընկերությունն ու CD&R ներդրումային հիմնադրամն այն գնում են 5,8 մլրդ դոլարով (յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 32,05 դոլար):
Մանրածախ առևտրի ոլորտը ներկայացնող Walmart Inc.-ի, Home Depot Inc.-ի և Amazon.com Inc.-ի շուկայական արժեքն աճել է 2%-ով, Procter & Gamble Co.-ինը՝ 1,7%-ով, Microsoft Corp.-ինը՝ 0,8%-ով։ Նավթարդյունահանող Chevron Corp.-ի և ExxonMobil-ի ցուցանիշներն ավելացել են համապատասխանաբար 0,5%-ով և 0,3%-ով, իսկ Tesla-ինն ու Apple Inc.-ինը՝ 0,5%-ով և 0,2%-ով։
Դրա հետ մեկտեղ, Moderna Inc.-ի բաժնետոմսերն էժանացել են 7,8%-ով, Seagate Technology-ինը՝ 9,2%-ով, Western Digital-ինը՝ 6,9%-ով, Salesforce Inc.-ինը՝ 2,1%-ով, Boeing Co.-ինը՝ 1,5%-ով, իսկ International Business Machines-ինը՝ 0,1%-ով։
Երեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքում Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 253,38 կետով (0,5%-ով) և կազմել 51521,28 կետ։
Standard & Poor's 500-ի ցուցանիշն ավելացել է 44,98 կետով (0,6%-ով)՝ հասնելով 7818,93 կետի։
Իսկ Nasdaq Composite ինդեքսն օրվա ընթացքում բարձրացել է 122,48 կետով (0,45%-ով) և առևտրային նստաշրջանն ավարտել 27599,79 կետի մակարդակում։




























