Հոկտեմբերի 7-ի առավոտյան ռուսական ուժերը գրոհել են Ուկրաինայի Չեռնիգովի մարզը։ Հրթիռներից մեկն ընկել է Պրիլուկի քաղաքի հինգհարկանի բնակելի շենքի վրա, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։ Նրա հրապարակած լուսանկարներում մեծամասշտաբ ավերածություններ են երևում։ Ըստ Չեռնիգովի մարզային դատախազության՝ հրթիռն ամբողջությամբ ոչնչացրել է շենքի երկու շքամուտք։ Այս պահի դրությամբ հայտնի է հինգ զոհի մասին։ Վիրավորվել է առնվազն 26 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Չի բացառվում, որ փլատակների տակ դեռ մարդիկ լինեն։ Պատերազմական հանցագործության հատկանիշներով (Ուկրաինայի ՔՕ 438-րդ հոդվածի 2-րդ մաս) նախաքննություն է նախաձեռնվել։ Դատախազությունից նաև հավելել են, որ մարզի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով վնասվել են այլ բնակելի շենքեր, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, մեկ ձեռնարկություն և ավտոմեքենաներ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է նաև արտադրական շինությունում բռնկված հրդեհի մասին։

Լույս հոկտեմբերի 7-ի գիշերը հարվածների են ենթարկվել նաև Ուկրաինայի այլ քաղաքներ, այդ թվում՝ Կիևը, որտեղ երկու մարդ է զոհվել։ Անդրադառնալով այս գնդակոծություններին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «այսօր Պուտինի ծննդյան օրվա առթիվ ռուսական բանակը նրան նվեր է մատուցել՝ ի դեմս Պրիլուկիի բնակելի շենքի ոչնչացման»։ Բացի այդ, հրթիռային հարվածների հետևանքով վնասվել են հինգ բազմաբնակարան շենք՝ Դնեպրում և չորս բարձրահարկ՝ Կրեմենչուգում։ «Ցավոք, երկու մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Անօդաչու թռչող սարքը վնասել է Զապորոժիեի բարձրահարկերից մեկը։ Կիևում ռուսները սպանել են երկու մարդու։ Եվս երկու հոգի զոհվել է Ալեքսանդրիայում։ Ընդհանուր առմամբ՝ մեկ գիշերվա ընթացքում հարվածի տակ են հայտնվել Կիևի և ևս 12 մարզի ենթակառուցվածքներ»,— նշել է Զելենսկին։ Նրա համոզմամբ՝ «ռուսները ցանկանում էին ցավոտ և ցուցադրական հարված հասցնել», ինչի համար կիրառել են 70 հրթիռ (որոնցից շատերը՝ բալիստիկ), ինչպես նաև Shahed տիպի անօդաչուներ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան էլ հայտարարել է, որ «ռուսական ահաբեկչությունը չպետք է անպատասխան մնա», և դաշնակիցներին կոչ է արել «Պուտինին իսկական նվերներ մատուցել»․ մասնավորապես՝ խստացնել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի, մասնավորապես բալիստիկ հրթիռներ և «Ռասսվետ» («Рассвет») արբանյակային համակարգ արտադրող ձեռնարկությունների դեմ պատժամիջոցները, ինչպես նաև ձմռանն ընդառաջ Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ և էներգետիկ օգնություն։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 7-ի գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են բալիստիկ, թևավոր ու հականավային հրթիռներ և Shahed տիպի 130 հարվածային անօդաչու թռչող սարք (որոնցից 46-ը եղել են ռեակտիվ շարժիչով)։ ՀՕՊ ուժերը խոցել են ընդհանուր առմամբ 161 թիրախ, այդ թվում՝ 5 բալիստիկ ու 39 թևավոր հրթիռ, ինչպես նաև 117 ԱԹՍ։