Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հետք» լրատվական կայքում 2026 թվականի օգոստոսի 28-ին հրապարակված հոդվածի հիման վրա սեպտեմբերի 4-18-ը ստուգում է իրականացրել «Սանի լենդ» ՍՊԸ-ի տարածքում գործող «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ում:

Ստուգման շրջանակներում ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի արտանետման աղբյուրից և հումքի կուտակումներից կատարվել են արտանետումների չափագրումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ՝

ածխածնի օքսիդի քանակությունը գերազանցել է անշարժ աղբյուրներից աղտոտող նյութերի մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված չափաքանակները,

հայտնաբերվել է բարձր կոնցենտրացիայի ծծմբային անհիդրիդ (SO₂), որի արտանետումը նախատեսված չէ ընկերության սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությամբ:

Ասֆալտբետոնի արտադրամասը գտնվում է Սևանա լճից 1560 մետր հեռավորության վրա՝ Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ, համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի, արգելվում են էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումները:

Հիմք ընդունելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից հոկտեմբերի 2-ին կայացվել է ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի գործունեության կասեցման որոշում:

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Կասեցման որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: