Դեռևս 1990-ական թվականներից ադրբեջանցիները բավականին ուժեղ են եղել դիվերսիաների հարցում։ Հոկտեմբերի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու միջադեպը։

«Ես միշտ դիրքեր այցելելիս մեր տղաներին ասում եմ, որ զգույշ ու արթուն լինեն, որովհետև նրանց դիվերսանտները շատ ուժեղ են», — ասել է Միքայելյանը՝ կոչ անելով սահմանազատում իրականացնել՝ հետագա քաշքշուկներից խուսափելու համար։

Պատգամավորն անդրադարձել է նաև ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայ գերիներից թեկուզ մեկի հետ հնարավոր փոխանակման թեմային։

«Քրեական գործ է հարուցված… Ես ձեզ մի բան ասեմ, թող ժողովուրդն էլ իմանա։ Նրանք երբեք փոխանակման չեն գնացել։ 1990-ականներից մի օրինակ բերեմ․ ինձ մոտ գերի էին ընկել երեք ադրբեջանցի։ Մենք նրանց ողջ էինք վերցրել։ Մենք էլ տղաներ ունեինք, որ գերի էին ընկել։ Ես ուզում էի այդ ադրբեջանցի գերիներին փոխանակել մեր տղաների դիերի հետ։ Նրանք հրաժարվեցին… Այնպես որ, կան իրավապահ մարմիններ, թող նրանք էլ զբաղվեն։ Մարդն այս դեպքում ուղղակի մոլորված չէ, որ մենք էլ նրան անհապաղ հետ վերադարձնենք։ Քրեական գործ կա։ Նա մտել է մարդկանց տուն և կրակ բացել նրանց վրա։ Այս ամենից հետո մենք ինչպե՞ս կարող ենք նրան այդպես վերցնել ու հետ վերադարձնել», — ասել է Սասուն Միքայելյանը։