ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը: Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։

Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթը նախաձեռնվել էր անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Գեղարքունիքի գյուղերից մեկում ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (վիդեո)