Բժիշկ Շաքիլ Աֆրիդին, ով օգնել էր ԿՀՎ-ին որոնել թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին, Պակիստանում դատապարտվել է 33 տարվա ազատազրկման: Դատարանը Աֆրիդիին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ` երկրի բնակիչներին վտանգավոր հիվանդության դեմ կեղծ պատվաստում անելու համար:

Ինչպես հաղորդում է France Presse-ը, անցած տարի հայտնի էր դարձել, որ ԿՀՎ-ն Աֆրիդիին հանձնարարել է պատվաստման կեղծ արշավ սկսել Աբոտաբադ քաղաքում, որպեսզի ներթափանցի բեն Լադենի տուն:

Նաեւ հաղորդվում է, որ Աֆրիդին ԿՀՎ-ին է հանձնել առանձնատան տիրոջ հեռախոսահամարը: Բժիշկը նույնիսկ հաջողացրել էր զանգահարել բեն լադենի գլխավոր օգնականներից մեկին:

Դրա շնորհիվ ամերիկացիները ձայնագրել էին տանտիրոջ ձայնը եւ վերջնական հաստատում ստացել, որ տանը թաքնվում է բեն Լադենը:

Ամերիկյան իշխանությունները պահանջում են ազատ արձակել Շաքիլ Աֆրիդիին: Հիլարի Քլինթոնի կարծիքով, Պակիստանը նրան պահելու որեւէ հիմք չունի: