Գերմանական «Porsche» ավտոարտադրող ընկերությունը հայտարարել է զարգացման թարմացված ռազմավարության շրջանակում միջնաժամկետ հատվածում աշխատակիցների առնվազն 25%-ին կրճատելու ծրագրերի մասին, հայտնի է ընկերության մամուլի հաղորդագրությունից։
Ընկերությունը չորեքշաբթի օրը Ներդրողների օրվա ընթացքում ներկայացրել է «Sportwagenschmiede'35» նոր ռազմավարությունը, որն ուղղված է միջնաժամկետ նպատակների իրագործմանը։
«Ուղղակի և անուղղակի գործառույթներ իրականացնող աշխատակիցների հաստիքացուցակը միջնաժամկետ հատվածում ընդհանուր առմամբ կկրճատվի 25%-ով։ Ռազմավարական թիրախային ցուցանիշը կազմում է 30%», — ասված է հաղորդագրության մեջ։
«Porsche»-ն նաև նշում է, որ ղեկավար պաշտոնների քանակը նույն միջնաժամկետ հատվածում կկրճատվի 40%-ով։
Արդյունքում, ընկերությունը ծրագրում է անհատականացման միջոցների ընդլայնման և շուկայի ավելի թանկ սեգմենտներում տեսականու ավելացման հաշվին ապրանքանիշը հասցնել ավելի բարձր մակարդակի։ Դրա շնորհիվ արտադրողը կկարողանա միջնաժամկետ հատվածում բարձր դասի ավտոմեքենաների միջին գինն ավելացնել 20%-ով՝ միաժամանակ ապահովելով արտադրանքի համապատասխան որակը։
«Porsche»-ն նաև 20%-ով կրճատում է իր մոդելային շարքի տարբերակները, ինչը, ըստ սպասումների, միջնաժամկետ հատվածում թույլ կտա վաճառքի ծավալն ավելացնել մոտ 30%-ով՝ մեկ մոդելային տարբերակի հաշվարկով։
«Porsche AG»-ն «Volkswagen»-ի դուստր ընկերությունն է։





























