Ես հանդարտեցնում էի, ու տեսաք, որ ստացվեց։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Ահարոն Սահակյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին։
«Ես տեղում եմ եղել և փորձել ենք հանդարտեցնել իրավիճակը։ Նման բան այլևս չպիտի լինի, պիտի բոլոր պատգամավորները գան քաղաքական խոսքի դաշտ և և շարունակեն քաղաքական դաշտում բանավեճը, ինչքան էլ, որ սուր խոսք ասեն»,–ասաց նա։
Հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ իշխանության սահմանած վերակրթության շրջանն ավարտվեց, պատգամավորը բացասական պատասխան տվեց. «Ոչ, չի կարելի, որովհետև միջադեպ էր, եղավ, անցավ, գնաց, կարծում եմ, բոլորը հետևություններ են արել և չեն տրվի սադրանքներ այլևս»։
Ինչ վերաբերում է ԱԺ նխագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ընդդիմադիր պատգամավորների օգնականները այդ պահին փորձել են մտնել ԱԺ դահլիճ, նա ասաց. «Ես արգելողներից մեկն եմ եղել։ Ես չգիտեմ՝ ում օգնականներն էին, բայց ես թույլ չեմ տվել իմ գործողությունները, որ ներս մտնեն»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 6–ին, ԱԺ–ում ինչ–որ պահի իրավիճակը լարվեց. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը անջատեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։ Դրանից հետո իրավիճակը դահլիճում թեժացավ, լսվեցին գոռգոռոցներ, ՔՊ–ական Վահե Ղալումյանը տեղից ելավ, մոտեցավ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Վաղինակ Վարդանովին և հրեց նրան։ Ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին հրմշտել ու քաշքել միմյանց։
Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց և անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ։
Հրմշտոցի վայր իջան նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։ Երկար ժամանակ կողմերին հնարավոր չէր լինում հանգստացնել։
Անվտանգության աշխատակիցները սկսեցին ուժով դուրս բերել պատգամավորներին դահլիճից։





























