Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից հրապարակվող Համաշխարհային առեւտրի խթանման 2012 զեկույցում Հայաստանը գտնվում է 59-րդ տեղում` 132 երկրների կտրվածքով: Այդ մասին տեղեկացնում է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, որը ՀՏՖ-ի գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում: Զեկույցի նպատակն է վերլուծել առեւտրի խթանմանն ուղղված քաղաքականությունները եւ դրանցարդյունավետությունը տարբեր երկրներում: Նշենք, որ նախորդ` 2010 թ. զեկույցում Հայաստանը 125 երկրների շարքում 52-րդն էր:
Համաշխարհային առեւտրի խթանման ցուցիչը հաշվարկվում է առեւտրի հոսքերի ազատությունը պայմանավորող գործոնները եւ քաղաքականությունները նկարագրող 4 հիմնական ոլորտների ցուցիչների հիման վրա: Դրանք են շուկայի մուտքի ցուցիչը, սահմանային վարչարարության ցուցիչը, տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ցուցիչը եւ գործարար միջավայրի ցուցիչը:
Հայաստանի դիրքի վրա ամենաբացասական ազդեցություն թողել են հետեւյալ գործոնները. մաքսային կարգավորումների բեռը, ներմուծման եւ արտահանման ծախքերը, տեղական մրցակցությունը: Համեմատաբար դրական է գնահատվել տրանսպորտի ոլորտում Ծառայությունների առեւտրի գլխավոր համաձայնագրի (GATS) իրականացումը, ահաբեկչության ազդեցությունը գործարար ծախսերի վրա, հարթված ճանապարհները եւ այլն:
Համաձայն զեկույցի` աշխարհում լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը եւ Հոնկոնգը:
Ինչպես եւ նախորդ տարիներին, այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է զեկույցում ներառված ԱՊՀ երկրների ցուցանիշները` Մոլդովային (76), Ադրբեջանին (88), Ուկրաինային (86), Ղազախստանին (105), Տաջիկստանին (110), Ղրղզստանին (111) եւ Ռուսաստանին (112): Վրաստանը առեւտրի խթանման կատարողականով 38-րդն է:




























