«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք:
ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ կարգապահական վարույթ է նախաձեռնվել՝ նրանց կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքով։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 6–ին, ԱԺ–ում ինչ–որ պահի իրավիճակը լարվեց. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը անջատեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։ Դրանից հետո իրավիճակը դահլիճում թեժացավ, լսվեցին գոռգոռոցներ, ՔՊ–ական Վահե Ղալումյանը տեղից ելավ, մոտեցավ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Վաղինակ Վարդանովին և հրեց նրան։ Ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին հրմշտել ու քաշքել միմյանց։
Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց և անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ։
Հրմշտոցի վայր իջան նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։ Երկար ժամանակ կողմերին հնարավոր չէր լինում հանգստացնել։
Անվտանգության աշխատակիցները սկսեցին ուժով դուրս բերել պատգամավորներին դահլիճից։
Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ միջադեպի ժամանակ ընդդիմադիր պատգամավորների օգնականները փորձել են մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ, և այդ փաստը քննության առարկա կդառնա։





























