Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները», հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարման ծավալները գրեթե վերականգնվել են՝ հասնելով ԱՄՆ-Իրան հակամարտությունից առաջ եղած մակարդակին։
«Հորմուզի նեղուցը փակ է, մենք կփակենք նաև անօրինական երթուղիները»,- Նաղդիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Նա ընդգծել է, որ նեղուցը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի պահանջները չեն բավարարվել։
Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին սեպտեմբերի 30-ին նշել էր, որ Թեհրանը հրթիռակոծություններով փորձում է խոչընդոտել փոքր նավերի անցմանը, սակայն նույնիսկ եթե «400-500 բարել նավթ» հաջողվում է անցկացնել, դա դեռ չի նշանակում, թե Հորմուզը բաց է։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց հակահարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կրկին փոխանակվեցին հարվածներով։ Այս պահին հակամարտությունը դեռևս կարգավորված չէ։
ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե կանգ է առել։ Սա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարման հիմնական երթուղին է, ինչի հետևանքով երկրների մեծ մասում վառելիքի գնաճ է գրանցվել։





























