Անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել հակառակորդին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան:
«Եթե դրա կարիքը լինի, մենք կանխարգելիչ գործողություններ կհասցնենք, որպեսզի թույլ չտանք հակառակորդին Իրանի դեմ որևէ ագրեսիա կամ ոտնձգություն իրականացնել»,- Fars գործակալությանն ասել է նա։
Բանակի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանն արդեն իրականացրել է կանխարգելիչ հարվածներ․ դրանք հասցվել են ինչպես Իրաքյան Քրդստանի «անջատողականների» բազաներին (որոնց, նրա պնդմամբ, զինում էր ամերիկյան կողմը), այնպես էլ ԱՄՆ-ի այն բազաներին, որտեղ Իրանի դեմ գործողություններ էին նախապատրաստվում։
Բացի այդ, Աքրամինիան ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ հակամարտության շարունակման դեպքում Թեհրանը մշտապես թարմացնում է թիրախների ցանկը։
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ ԱՄՆ-ն չի գնա Իրանի դեմ ցամաքային գործողության։
«Կարծում եմ, որ ամերիկացիները չեն համարձակվի ցամաքային ագրեսիա իրականացնել։ Այնուամենայնիվ, եթե նման իրավիճակ ստեղծվի, և ամերիկացի ագրեսորները ոտք դնեն Իրանի տարածք՝ լինի դա ափամերձ գոտի, թե կղզիներ, ապա նրանք շատ ավելի խոցելի կդառնան»,- նշել է Աքրամինիան։
Զինվորականն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման և պատրաստ է էլ ավելի մասշտաբային, կործանարար, արագ ու վճռական պատասխան հասցնել հակառակորդին՝ վստահություն հայտնելով, որ ամերիկյան զինուժը տապալվելու է։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց հակահարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն ավելի ուշ կրկին փոխանակվեցին հարվածներով։ Այս պահին հակամարտությունը դեռևս կարգավորված չէ։





























