Ֆրանսիայում իշխանափոխությունը կարող է որոշակի շտկումներ մտցնել Փարիզի եւ Անկարայի հարաբերություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, հայտնի քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին- Ռաեւսկին:

Նրա խոսքով, դա, մասնավորապես, կախված է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հետագա ճակատագրից:

«Թեեւ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժեց օրինագիծը, սակայն հետագա գործընթացների սցենարը առայժմ պարզ չէ:

Այստեղ պետք է հաշվի առնել ժառանգականության գործոնը. օրինագիծն աջակցվում էր նախկին, քաղաքականապես հակառակորդ կառավարության կողմից: Սակայն, մյուս կողմից, սոցիալիստներն ավելի շատ են հակված մարդասիրական ակտերի: Թուրքիայում դա հասկանում են եւ սպասում, թե ինչպես կծավալվի իրավիճակը Ֆրանսիայում»,-նկատեց թուրքագետը` ավելացնելով, որ ցանկացած դեպքում օրինագծի ընդունման պարագայում ֆրանս-թուրքական հարաբերություններն այս կամ այն չափով կտուժեն: Նա նաեւ ընդգծեց, որ եթե անգամ սոցիալիստները ձեռնամուխ լինեն այդ օրինագիծն առաջ տանելուն, այն ինչ-որ չափով կփոփոխվի, քանի որ նախկինը չընդունվեց:

Փորձագետի կարծիքով, ֆրանսիացի սոցիալիստների դիրքորոշման վրա ազդում է նաեւ այն գործոնը, որ այդ ուժը հիմնվում է Ֆրանսիայի մահամեդականների վրա, որոնց թիվը հասնում է մինչեւ 6 միլիոնի: «Մահմեդականները հիմնականում բացասաբար են վերաբերել այս օրինագծին: Քանի որ մահմեդականներն այդքան էլ տեղեկացված չեն ցեղասպանության մասին` թե որտեղ, երբ եւ ինչպես է այն կատարվել, այստեղ աշխատում է  մահմեդական համերաշխության սկզբունքը: 6 մլն մահմեդականը դա լուրջ ուժ է,  որոնց հետ երկրի իշխանությունները պետք է հաշվի նստեն»,-եզրափակեց թուրքագետը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենքն ընդունվել էր  Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին, իսկ այնուհետեւ վավերացվել Սենատում հունվարի 23-ին: Մի խումբ ֆրանսիացի սենատորներ բողոքարկել էին այն Սահմանադրական խորհրդում, որն էլ հակասահմանադրական էր ճանաչել: