Երգահան Արա Գեւորգանի «Սիրեցեք զմիմյանս» միջազգային նոր նախագիծը ձայնագրման փուլում է եւ այն հավանաբար պատրաստ կլինի մոտ երկու ամսից: Այս մասին այսօր` մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արա Գեւորգյանը:

Երգն արդեն ձայնագրվել է ֆինլանդացի, շվեդ, գերմանացի, հնդիկ եւ արաբ կատարողների կողմից, իսկ  վերջաբանը հնչելու է հայկական երգարվեստի մի շարք ներկայացուցիչների` Շուշան Պետրոսյանի, Լեյլա Սարիբեկյանի, Արսեն Գրիգորյանի եւ այլոց կողմից: «Աշխարհն իմ խոսքից խաղաղ չի դառնա, սակայն միեւնույն է` խաղաղության մասին պետք է բարձրաձայնել: Շատ կցանկանայի, որ Շառլ Ազնավուրը եւս միանար նախագծին եւ առաջնորդեր այն»,- նշեց Արա Գեւորգյանը:

Նա պատրաստվում է դիմել ՀՀ արտգործնախարարություն, որպեսզի աշխարհի լավագույն կատարողներին փնտրելու իր ջանքերն ավելի հաջող կընթանան: Այժմ բանակցություններ են ընթանում Սելին Դիոնի հետ: Իսկ Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությունը «Սիրեցեք զմիմյանս» նախագծում հնարավոր է միայն այն պարագայում, եթե նա համաձայնի կատարել նաեւ «Ադանա» երգը` դրանով բարձրաձայնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

4 րոպե տեւողություն ունեցող միջազգային երգի ռոք տարբերակը առաջարկվել է կատարել Սերժ Թանգյանին, իսկ  դասականն առաջիկա օրերին կձայնագրվի Երեւանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Երգի երաժշտության հեղինակը Արա Գեւորգյանն է, խոսքերինը` «Ադանա» երգի կատարող, ամերիկացի երգիչ Դանիել Դեքքերը: 2012 թվականին Գեւորգյանը կհամագործակցի նաեւ «Դիփ փարփլ» խմբի երգիչ Յան Գիլանի հետ:  Իսկ  2011 թվականին երգահանը պայմանագիր է կնքել  Play station ընկերության հետ, որի արդյունքում իր «Արցախ»  ստեղծագործությունը հասանելի է «Մարտեր առանց կանոնների» հայտնի խաղում:

Նշենք,որ «Սիրեցեք զմիմյանս» նախագիծը կմիավորի աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայտնի կատարողներին, ովքեր համանուն երգի հատվածները կկատարեն իրենց երկրներում, այնուհետեւ կգան Հայաստան եւ երգի վերջաբանը կերգեն այստեղ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի