Լեհական Օստրոլենկա քաղաքի արհեստագործական ուսումնարանում դանակով հարձակում է տեղի ունեցել․ վիրավորվել է առնվազն ութ մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ հարձակվողը 19-ամյա երիտասարդ է, նրան արդեն ձերբակալել են, հայտնում է Polsat News-ը։

Միջադեպը գրանցվել է Վարշավայից մոտ 100 կիլոմետր հյուսիս գտնվող Օստրոլենկայի ուսումնական կենտրոններից մեկում։ Վիրավորների թվում կան թե՛ ուսանողներ, թե՛ ուսուցիչներ։

Ականատեսները պատմում են, որ դանակով զինված երիտասարդը ներսում անխտիր հարձակվել է մարդկանց վրա, իսկ ահաբեկված ուսանողներն ու աշխատակիցները օգնություն են կանչել։

Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են հասել արտակարգ ծառայությունները։ Հարձակումից հետո հանցագործին հաջողվել էր փախչել ուսումնարանի տարածքից, սակայն կարճ ժամանակ անց ոստիկանները նրան հայտնաբերել ու ձերբակալել են քաղաքի ծայրամասում։

Արարքի շարժառիթն առայժմ հայտնի չէ, իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Քաղաքապետ Պավել Նևյադոմսկին վստահեցրել է, որ վտանգն անցյալում է, իսկ կասկածյալը՝ անազատության մեջ։ Նա նշել է, որ հարձակմանը ականատես եղած կամ տուժած բոլոր ուսանողներին ու աշխատակիցներին հոգեբանական աջակցություն կտրամադրվի։

Դեպքից հետո ուսումնական կենտրոնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ քաղաքի մյուս բոլոր դպրոցներում դասերը չեղարկվել են։

Օստրոլենկան մոտ 48 հազար բնակիչ ունեցող քաղաք է Վարշավայից 100 կմ հյուսիս: