Շրի Լանկայում ձերբակալել են երկրի նախկին առաջին տիկին Շիրանթի Ռաջապակսային՝ Կոլոմբոյի մանկական հիվանդանոցի համար բժշկական սկաներ գնելու նպատակով հավաքված նվիրատվությունների հնարավոր ոչ նպատակային օգտագործման գործով, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով երկրի հակակոռուպցիոն մարմիններին։
Նախկին նախագահ Մահինդա Ռաջապակսայի 73-ամյա կնոջը չորեքշաբթի ձերբակալել են Կոլոմբոյում գտնվող նրատանը։ Քննիչները պարզում են 10 միլիոն շրի-լանկայական ռուփիի (մոտ 30,3 հազար ԱՄՆ դոլար) ճակատագիրը, որոնք հավաքել էր Siriliya Saviya բարեգործական կազմակերպությունը։
Միջոցները նախատեսված էին Կոլոմբոյի Lady Ridgeway մանկական հիվանդանոցի համար մասնագիտացված սկաներ ձեռք բերելու նպատակով։ Սակայն, իշխանությունների տվյալներով, նմանատիպ սարքավորումն ավելի վաղ արդեն փոխանցվել էր հիվանդանոցին Չինաստանի կառավարության կողմից։
Ռաջապակսան հերքում է որևէ խախտում և պնդում է, որ գումարները չեն յուրացվել։ Նրա ամուսնու ներկայացուցիչ Մանջոյ Գամագեն նույնպես հայտարարել է, որ միջոցները գտնվում են Siriliya Saviya-ի հաշիվներին, և որևէ խարդախություն տեղի չի ունեցել։
Նախկին առաջին տիկինը երկուշաբթի Սինգապուրից վերադարձել է Շրի Լանկա, որտեղ բուժում էր ստանում։ Մինչ վերադարձը նա դիմել էր դատարան՝ միջնորդելով կանխել իր ձերբակալությունը, սակայն գործի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 12-ին։
Մահինդա Ռաջապակսան Շրի Լանկայի նախագահն էր 2005-2015 թվականները և երկար տարիներ մնում էր երկրի քաղաքականության ամենաազդեցիկ գործիչներից մեկը։ Շատ բնակիչներ նրան հերոս էին համարում, երբ 2009 թվականին կառավարական ուժերը ջախջախեցին «Թամիլ Իլամի ազատագրության վագրեր» կազմակերպության ապստամբներին՝ վերջ դնելով գրեթե 30-ամյա քաղաքացիական պատերազմին։
2022 թվականին Շրի Լանկայում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր՝ սուր գնաճի և վառելիքի, սննդամթերքի ու դեղերի պակասի ֆոնին։ Արդյունքում իշխանությունից հեռացվեց Մահինդայի կրտսեր եղբայրը՝ Գոտաբայա Ռաջապակսան, որն այդ ժամանակ զբաղեցնում էր երկրի նախագահի պաշտոնը։
Նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեի իշխանության գալուց հետո իշխանությունները վերսկսել են Ռաջապակսա ընտանիքի անդամների հետ կապված կոռուպցիոն գործերի քննությունները։
Մահինդայի և Շիրանթիի ավագ որդին՝ Նամալ Ռաջապակսան, այս տարվա սկզբին ձերբակալվել էր իր հոր նախագահության տարիներին ինքնաթիռի գնմանն առնչվող գործով։ Այժմ նա գտնվում է կալանքի տակ։ Նրա եղբայր Յոշիտան ևս այս տարվա սկզբին ձերբակալվել էր կոռուպցիայի մեղադրանքներով։





























