Մոնղոլիան ուժեղացրել է Ռուսաստանի հետ սահմանին սանիտարական վերահսկողությունը Սիբիրում լաբորատորիայի աշխատակցի՝ ժանտախտից մահվան մասին հաղորդումից հետո, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով Մոնղոլիայի առողջապահության նախարարությանը։

Գերատեսչությունում ընդգծել են, որ ներկայիս ռիսկի մակարդակը գնահատվում է որպես ցածր։ Միևնույն ժամանակ համապատասխան պետական կառույցներին հանձնարարվել է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ և մշտական հսկողություն ու մոնիթորինգ ապահովել՝ հնարավոր ռիսկերը թույլ չտալու համար։

«Թեև ներկայիս ռիսկի մակարդակը ցածր է, Առողջապահության նախարարությունը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել և մշտական հսկողություն ու մոնիթորինգ ապահովել՝ հնարավոր ռիսկերը կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Սելենգե նահանգի սահմանային անցակետերում աշխատանքը շարունակվում է սովորական ռեժիմով։ Միաժամանակ սահմանին իրականացվում է ժամանողների սանիտարական հսկողություն և կատարվում է իրավիճակի լրացուցիչ մոնիթորինգ։

Մոնղոլական իշխանությունների որոշումը հաջորդել է Սիբիրում լաբորատորիայի աշխատակցի մահվան մասին հաղորդմանը, որի պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է ժանտախտը։

Մոնղոլիայի առողջապահության նախարարությունում երկրում հայտնաբերված հիվանդության դեպքերի մասին չեն հայտնել։ Իշխանությունները շեշտում են, որ ձեռնարկվող միջոցները կանխարգելիչ բնույթ են կրում։