Ես և իմ իրանցի ուղիղ գործընկերները, ինչպես նաև Իրանի ղեկավարությունը՝ նախագահը, խորհրդարանի խոսնակը, և ում հետ հասցրել ենք շփվել, քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը, իսկ դա շատ հարուստ օրակարգ է՝ Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսությունից սկսած, հարաբերությունների ռազմավարական բնույթից սկսած, վերջացրած տնտեսական հարցերով, ենթակառուցվածքներ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Իրան կատարած իր այցին։
«Քննարկել ենք նաև, իհարկե, միջազգային իրադրությունը Հարավային Կովկասում, Իրանի շուրջ։ Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ–ին, առիթն ուզում եմ կրկին օգտագործել և Հայաստանի հանրությանը, Հայաստանի խորհրդարանին հավաստիացնել, որ Իրանում առնվազն իմ տպավորությամբ և իմ լսածից եզրակացնում եմ, որ ԹՐԻՓՓ–ի շուրջ այն աժիոտաժը, որը երբեմն միտումնավոր ներկայացվում է որոշ մեդիառեսուրսների, որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից, ամենևին չի համապատասխանում իրականությանը։
Իրանում, իմ տպավորությամբ և իմ լսածից ելնելով, ասում եմ, որ բավարարված են ԹՐԻՓՓ–ի շուրջ ողջ գործընթացից, մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև այն տնտեսական հնարավորություններով, որ այդ նույն ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերագործարկումը ընձեռելու է հենց Իրանին և իրանցի գործարարներին, Իրանի տնտեսությանը»,–ասաց նա։
Նախարարը հավելեց, որ շատ լավ քննարկում են ունեցել իրանից գործընկերների հետ ԹՐԻՓՓ–ի շուրջ. «Հնչել են հարցեր, դրանց տրվել են պատասխաններ։ Մեր աշխատանքները սրա շուրջ Իրանի հետ շարունակական են և կարող եմ իսկապես ասել երկու կողմի համար էլ այսպես բավարարվածության զգացումով։
Մնացածը ինչպես ասում են, աժիոտաժ է, որ փչվում է։ Այդ նույն սերիան է, որ վայ Իրանը արգելում է, արգելափակում է ԹՐԻՓՓ–ի գործունեությունը, վայ, Ալիևը նոր պահանջներ է դրել Հայաստանի առաջ, վայ հայկական ծիրանը չվաճառվեց, վայ մեր մահը մոտ է, վայ Հայաստանում ամեն ինչ վատ է, վայ հարձակվեցին Հայաստանի վրա։
Այս ամեն ինչը ինչի՞ համար է. եթե շատ կարճ ասեմ՝ սկսել պատերազմ, դիմել փրկիչի օգնությանը, հայտնվել խեղճի դերում և նայել փրկիչին։ Շատ պարզ է սցենարը։ Ինչ լուր կարդում եք, մի հատ այս ֆիլտրով անցկացրեք»,– ընդգծեց Արարատ Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Իրանի հետ ավիափոխադրումներին, նախարարն ասաց. «Մեռր մեր միջազգային գործընկերներին շատ թափանցիկ և հրապարակային ասում ենք, որ մենք շատ բարձր ենք գնահատում և կարևորում ենք Իրանի հետ մեր հարաբերությունները, և մենք վտանգի տակ չենք դնելու դրանք, և մենք Իրանի հետ մեր հարաբերությունները այնքան, ինչքան որ համապատասխանում են միջազգային, այդ թվում եղած սանկցիաները թույլ տալիս են, մենք խորացնելու ենք այդ հարաբերությունները, այդ թվում ավիափոխադրումներով, այնքան ժամանակ, ինչքան որ մենք չենք հայտնվի այն եզրին, այն սահմանագծին, որից այն կողմ Հայաստանը ինքը կհայտնվի պատժամիջոցների թիրախում և մեր տնտեսությունը կարող է փլուզվել։
Այո, այդ ավիափոխադրումները կան, ես ինքս Իրան մեկնել և վերադարձել եմ այդ ավիաուղիներից մեկով։ Բեռնափոխադրումների մասով, իրանական կողմում մաքսատան մոտ կան խցանումներ և կուտակումներ։ Մենք շատ ինտենսիվ հարցը քննարկում ենք, կան տեխնիկական լուծումներ, որոնց իրագործումը առաջիկա օրերին հուսով եմ կտեսնենք»։











