Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրոպական միությանը Չինաստանի նկատմամբ վարելու ավելի կոշտ առևտրային քաղաքականություն, որը կհամատեղի երկխոսությունը ԵՄ տնտեսական շահերի ավելի ակտիվ պաշտպանությամբ։ Համապատասխան ոչ պարտադիր բանաձևին կողմ է քվեարկել 454 պատգամավոր, 86-ը դեմ է արտահայտվել, ևս 110-ը ձեռնպահ է մնացել։

Փաստաթղթում Եվրամիության և Չինաստանի հարաբերությունները բնորոշվում են որպես կրիտիկական կետի հասած։ Անհանգստության պատճառների թվում պատգամավորները նշել են այն, ինչը նրանք համարում են Պեկինի անբարեխիղճ տնտեսական գործելակերպ, ինչպես նաև Չինաստանի դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև խորին մտահոգություն են հայտնել այն հաղորդումների կապակցությամբ, թե իբր չինացի զինվորականները ռուս զինծառայողներին պատրաստել են Ուկրաինայում հետագա մարտական գործողություններին մասնակցելու համար։

Առևտրի ոլորտում Եվրախորհրդարանը կոչ է արել ապահովելու փոխադարձություն և մրցակցության հավասար պայմաններ եվրոպական և չինական ընկերությունների համար։ Պատգամավորների կարծիքով, եթե Պեկինը չբացի իր շուկան եվրոպական բիզնեսի համար, ԵՄ-ն պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ։

Եվրամիությունն ու Չինաստանն արդեն երկար ժամանակ մրցակցում են մի շարք ճյուղերում, մասնավորապես՝ ավտոմոբիլային արդյունաբերությունում։ Կողմերի միջև առևտրային հարաբերությունները բարդանում են փոխադարձ պահանջներով ու տարաձայնություններով՝ կապված ընկերությունների շուկաներ մուտքի և մրցակցության պայմանների հետ։

Այս ֆոնին ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հինգշաբթի և ուրբաթ կայցելի Պեկին։ Ակնկալվում է, որ նա բանակցություններ կվարի Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոյի հետ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն ԵՄ-ի և Չինաստանի միջև լարված տնտեսական հարաբերությունները։