Իսպանիայի կենտրոնական հատվածում գետը սևացել է, երբ անտառային հրդեհներից տուժած տարածքներից մոխիրը և բուսականության մնացորդները հորդառատ անձրևներից հետո լցվել են լեռնային առուները և խառնվել գետի ջրերին, հաղորդում է Reuters-ը։

Ջրամբարների աղտոտումը խաթարել է մի քանի բնակավայրերի բնակիչների խմելու ջրի մատակարարումը։

Ավիլա նահանգի Կասավիեխա քաղաքում լեռնային առուները թափվում են Տիետար գետը։ Անձրևներից հետո դրանց ջուրը գրեթե սևացել է մոխրով հագեցած հոսքի պատճառով։ Քաղաքի բնակիչները ստիպված են եղել ջուր վերցնել շատրվաններից և ցիստեռններից, իսկ իշխանությունները կազմակերպել են շշալցված խմելու ջրի բաշխում։

«Խմելու, ուտելիք պատրաստելու, լողանալու՝ ամեն ինչի համար։ Ջուրը սկսում ես գնահատել միայն այն ժամանակ, երբ այն այլևս չկա»,- պատմել է տեղի բնակիչ Միգել Անխել Պերես Սանչեսը։

Կասավիեխայի քաղաքապետ Վանեսա Մունյոսը հայտնել է, որ հորդառատ անձրևներն ավելի են ծանրացրել հրդեհների հետևանքները։ Ջրի հոսքերը քանդել են կամուրջները և մոխիրն ու այլ աղտոտիչներ հասցրել ջրամբար, որը քաղաքն օգտագործում էր որպես ջրամատակարարման պահուստային աղբյուր։

«Գլխավոր խնդիրն առաջացավ այն պատճառով, որ աղտոտումը հասավ ջրամբար, որը մեր ջրի աղբյուրն էր և առաջին անձրևներից հետո արտակարգ ջրամատակարարման ծրագրի մի մասը»,- պատմել է քաղաքապետը տարածաշրջանային Castilla y León TV հեռուստաալիքին։

Բնապահպան Սանտյագո Մ. Բարախասը, Ecologistas en Acción կազմակերպության համահիմնադիրը, նշել է, որ անտառային հրդեհների հետևանքները պահպանվում են նաև կրակը մարելուց հետո։ Նա ասել է, որ ուժեղ անձրևներից հետո ջուրը գրեթե չի ներծծվում բուսականությունից զրկված հողի մեջ և արագ հոսում է ներքև՝ իր հետ տանելով կեղտն ու մոխիրը։

Հարևան Պիեդրալավես քաղաքում իշխանությունները Aqualia կոմունալ ընկերության հետ միասին վերականգնում են բնականոն ջրամատակարարումը։ Իսկ երբ մոխիրը հասել է ջրահավաք ավազաններ, իշխանությունները հայտարարել են, որ ծորակի ջուրը պիտանի չէ օգտագործման համար։

Տուժած բնակավայրերը Ավիլա նահանգի Բուրգոնդո շրջանում խոշոր անտառային հրդեհի գոտուց ներքև են։ Իսպանիայի շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ կրակը ոչնչացրել է 33 հազար 943 հա տարածք՝ այս տարի երկրում անտառային հրդեհների հետևանքով այրված բոլոր տարածքների ավելի քան 15%-ը։

Հարևան Էլ Բառակո քաղաքի քաղաքապետ Խոսե Մարիա Մանսոն նախազգուշացրել է, որ մոխիրն ու նստվածքը ժամանակի ընթացքում կարող են հասնել Էլ Բուրգիլիո ջրամբարին, որը կարևոր խմելու ջրի աղբյուր է մոտակայքում գտնվող մի քանի բնակավայրերի համար։