Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «պատմական շրջադարձ» է անվանել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ներկայացուցիչ Տոբիաս Ռաուշի ընտրությունը Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրի խորհրդարանի նախագահ։ Նա միաժամանակ զգուշացրել է երկրի օրենսդիր մարմիններում քաղաքական ծայրահեղականության ուժեղացման մասին, գրում է DW-ն։
Բեռլինում ելույթ ունենալով՝ Մերցը հայտարարել է, որ ծայրահեղականությունն ավելի ակտիվ է ներթափանցում տարածաշրջանային խորհրդարաններ։ Ըստ նրա՝ AfD-ն և «Զարա Վագենկնեխտի միություն» (BSW) կուսակցությունը ձգտում են ոչնչացնել «մեր ժողովրդավարության ԴՆԹ-ն»։
Ռաուշի ընտրությունը դարձել է 1945 թվականից հետո առաջին դեպքը, երբ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչը գլխավորել է դաշնային երկրի խորհրդարանը։ Մերցը հայտարարել է, որ քվեարկության արդյունքներից «խորապես մտահոգված և որոշ չափով ցնցված» է եղել։
Ռաուշը ստացել է 48 ձայն, թեև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն ու BSW-ն միասին խորհրդարանում ունեն 44 տեղ։ Քանի որ քվեարկությունը գաղտնի է անցկացվել, անհնար է պարզել, թե ումից են եկել լրացուցիչ չորս ձայները։ Դիտորդները ենթադրում են, որ պատգամավորների մի մասը կարող էր լինել ՔԴՄ-ից, սակայն Մերցը կոչ է արել չբացառել նաև այլ տարբերակներ։
Կանցլերը հայտարարել է, որ իրեն հատկապես մտահոգում է AfD-ի թեկնածուին իր իսկ կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ներկայացուցիչների կողմից աջակցելու հնարավորությունը։
«Յուրաքանչյուր ոք, ով քվեարկում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին, նպաստում է ծայրահեղականներին և խաթարում վստահությունը։ Ամեն դեպքում դա անհամատեղելի է իմ կուսակցության՝ ՔԴՄ-ի արժեքների հետ»,- հայտարարել է Մերցը։
Միևնույն ժամանակ կանցլերը ենթադրել է, որ լրացուցիչ ձայները կարող էին լինել քաղաքական հակառակորդների՝ ՔԴՄ-ին մոլորեցնելու և ներքին տարաձայնություններ հրահրելու փորձի արդյունք։ Նա հիշեցրել է, որ քաղաքականության մեջ հնարավոր են այսպես կոչված «կեղծ դրոշներ», երբ գործողություններն իրականացվում են այնպես, որ դրանց պատասխանատվությունը վերագրվի մեկ այլ կողմի։
Մերցի ելույթը հնչել է Ռաուշի ընտրվելուց հետո՝ Գերմանիայում AfD-ի հետ փոխգործակցության շուրջ շարունակվող վեճերի ֆոնին։ Կանցլերն ընդգծել է, որ այս կուսակցության ներկայացուցիչներին աջակցելն անհամատեղելի է ՔԴՄ-ի սկզբունքների հետ։





























