Ֆինլանդիայում իշխանությունները կարգադրել են դադարեցնել Google-ի երկու ապագա տվյալների կենտրոնի շինարարական աշխատանքները՝ բնապահպանական պահանջների պատճառով, որոնք կապված են ավելի քան 300 հա անտառի մաքրման հետ, հայտնում է BBC News-ը։

Մուհոս և Կայաանի քաղաքների օբյեկտները Google-ի՝ Ֆինլանդիայում ներկայությունն ընդլայնելու լայնածավալ ծրագրի մաս են կազմում։ Անցյալ ամիս ընկերությունը հայտարարեց, որ 2027–2028 թվականներին երկրում կներդնի առնվազն 13 միլիարդ եվրո՝ այս ներդրումներն անվանելով Google-ի՝ Եվրոպայում ամենախոշոր առանձին ներդրումը։

Ֆիննական վերահսկիչ գերատեսչությունը՝ LVV-ն, հայտարարել է, որ հարթակներից մեկում աշխատանքներն իրականացվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության պարտադիր գնահատման։ Գերատեսչությունը պահանջել է մինչև հոկտեմբերի 23-ը դադարեցնել այն միջոցառումները, որոնք կարող են «էականորեն փոխել շրջակա միջավայրը»։

LVV-ի բնապահպանական ստորաբաժանման ղեկավար Տոմմի Մույլուի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները ներառում էին ծառահատում, հողի վերին շերտի հեռացում, մուտքի ճանապարհների և նյութերի պահեստավորման հարթակների կառուցում, ինչպես նաև խրամուղիների փոփոխություն։

Google-ի տվյալների կենտրոնների նախագծերն իրականացնող Tuike Finland ընկերությունը պետք է մինչև հոկտեմբերի 14-ն իշխանություններին ներկայացնի պարզաբանումներ և հետագա գործողությունների ծրագիր։ Պահանջները չկատարելու դեպքում LVV-ն կարող է սկսել հարկադիր վարույթ։

Ֆինլանդիայի բնության պահպանության ասոցիացիան ավելի վաղ կոչ էր արել դադարեցնելու աշխատանքները, մինչև կհստակեցվեն բոլոր բնապահպանական պահանջները։ Կազմակերպության նախագահ Հաննա Հալմեենպյայան հայտարարել է, որ տեղամասերում հատվել են այն տարածքները, որոնք, կազմակերպության կարծիքով, պետք է պահպանվեին։

Google-ն ընդունել է, որ այս դեպքում ընկերությունը չի համապատասխանել իր իսկ բնապահպանական չափանիշներին։

«Մենք հասկանում ենք մտահոգությունը և այս դեպքում չենք հասել մեր սեփական բարձր չափանիշներին»,- հայտարարել են ընկերությունից։

Google-ում ընդգծել են, որ գործել են բարեխղճորեն՝ անտառների մասին օրենսդրությանը համապատասխան, տեղամասերում անցկացրել են բնապահպանական ուսումնասիրություններ և միջոցներ են ձեռնարկել բարձր էկոլոգիական արժեք ունեցող տարածքները պաշտպանելու համար։ Ընկերությունը նաև հայտնել է Մուհոսում 130 հա տարածքում ծառեր տնկելու ծրագրերի մասին։

Ընդլայնման շրջանակում Google-ը ծրագրում է նոր տվյալների կենտրոններ կառուցել Կայաանիում, Մուհոսում և Վաալայում, ինչպես նաև մեծացնել գործող հզորությունները Համինայում։ Ընկերությունն ակնկալում է, որ աճող ենթակառուցվածքը հնարավորություն կտա բավարարելու իր ծառայությունների պահանջարկը, ներառյալ Search-ը, Maps-ը և Gemini ԱԲ օգնականը։

Google-ի գնահատմամբ՝ 2027–2028 թվականների շինարարական աշխատանքները կապահովեն ավելի քան 37 հազար աշխատատեղ և տարեկան միջինում 3,6 միլարդ եվրո կբերեն Ֆինլանդիայի տնտեսությանը։

Google-ը նաև 22 տարի ժամկետով էլեկտրաէներգիայի գնման համաձայնագիր է կնքել ֆիննական Fortum էներգետիկ ընկերության հետ։ Այն նախատեսում է «Լովիիսա» ատոմակայանի հզորության մինչև կեսի մատակարարում և, ըստ Fortum-ի, կօգնի ապահովելու կայանի աշխատանքը մինչև 2050 թվականը։

Ֆինլանդիան տվյալների կենտրոնների մշակողներին գրավում է զով կլիմայով և ցածր ածխածնային էլեկտրաէներգիայով։ Ցածր ջերմաստիճանները նաև հնարավորություն են տալիս նվազեցնելու սերվերային սարքավորումների հովացման էներգետիկ ծախսերը։