Պարզվել է Սոչիում, մայիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի 30 մասնակիցների ինքնությունը, որի ժամանակ սպանվել է թաեքվոնդոյի սպորտի վարպետ Յուրի Գարանյանը: Ներկայումս որոշվում է նրանց նկատմամբ «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով քրգործ հարուցելու հարցը: Նախկինում բոլոր 27 ձերբակալվածները (դաղստանցիներ եւ չեչեններ) ազատ էին արձակվել, սակայն մարդասպանին դեռ չեն գտել: Այս մասին հայտնել է ոստիկանապետ Իգոր Կորոստիլեւը` դաղստանցիների համայնքի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, Յուրի Գարանյանին սպանողին փնտրում են, բայց բարդությունն այն է, որ ծեծկռտուքի ականատեսները հակասական ցուցմունքներ են տալիս: Իրավապահները ակնկալում են հասարակության աջակցությունը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 1-ին Սոչիում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր մոտ հարյուր մարդ: Դանակի հարվածից ստացած վնասվածքից մահացել էր կռվի մասնակից Յուրի Գարանյանը:
Ծեծկռտուքի պատճառն այն է եղել, որ մայիսի 1-ին Գարանյանի ծանոթներից մեկը այգով զբոսնել էր իր կնոջ հետ, զույգին մոտեցել էր մի խումբ, որոնցից մեկը վիրավորել էր աղջկան: Թեեւ տղամարդը հարվածել էր նրան, սակայն ընդհարումը դրանով չէր ավարտվել եւ շարունակվել էր ավել ուշ` արդեն զանգվածային ծեծկռտուքի տեսքով: Յուրի Գարանյանը պաշտպանել էր 35-ամյա ընկերոջը եւ կռվի ժամանակ դանակահարվել:




























