Բրիտանացի միլիարդատեր և քաղաքական գործիչ սըր Ջեյմս Գոլդսմիթը դեռ 1980-ականներին իր ծանոթներին նախազգուշացնում էր Ջեֆրի Էփշտեյնի վտանգավոր լինելու մասին՝ նրան անվանելով «սեռական այլասերված», գրում է The Guardian-ը։
Ըստ ֆրանսիացի ճարտարապետ Ռոբերտ Կուտյուրիեի, որն աշխատել է Գոլդսմիթների ընտանիքի հետ, միլիարդատերը մոտավորապես 1987 թվականին նրան զգուշացրել էր չշփվել Էփշտեյնի հետ և ասել էր, որ նա երեխաներ է հավաքագրում ապօրինի գործողությունների համար։ Գոլդսմիթը, որն ուներ չորս դուստր, մահացել է 1997 թվականին։
Այս խոսքերը հատկապես ուշագրավ են նրանով, որ հնչել են ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից Էփշտեյնի սեռական հանցագործությունների հետաքննությունը սկսելուց շատ առաջ։ 2008 թվականին նա Ֆլորիդայում ընդունել էր իր մեղքը անչափահասին մարմնավաճառության մեջ ներգրավելու գործով և դատախազության հետ համաձայնության շրջանակում ստացել էր 13 ամիս ազատազրկում։ 2019 թվականին Էփշտեյնը ձերբակալվել էր սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ դաշնային մեղադրանքներով, իսկ կարճ ժամանակ անց մահացել էր բանտում։
The Guardian-ի հետաքննությունը Գոլդսմիթի շրջապատը կապում է Jane Doe 4 անունով հայտնի կնոջ հետ կապված առեղծվածի հետ։ Նա պնդում է, որ Էփշտեյնը 1980-ականներին, երբ ինքը դեռահաս էր, սեռական բռնության է ենթարկել իրեն Հարավային Կարոլինայի Հիլթոն-Հեդ կղզի կատարած իր այցերի ընթացքում։ Էփշտեյնի՝ նշված ժամանակահատվածում իսկապես այնտեղ գտնվելու մասին The Guardian-ը ապացույցներ չի հայտնաբերել։
Jane Doe 4-ը նաև ՀԴԲ-ին հայտնել էր, որ Էփշտեյնը իրեն ծանոթացրել է Դոնալդ Թրամփի հետ, և որ Թրամփը իր նկատմամբ կատարել է սեռական բնույթի գործողություն։ Սպիտակ տունն այս մեղադրանքներն անվանել է լիովին անհիմն։
Միևնույն ժամանակ, The Guardian-ը նշում է, որ Էփշտեյնն իսկապես կապված է եղել Գոլդսմիթների շրջապատի հետ։ Նա շփվել է նրանց ծանոթների հետ, իսկ միլիարդատիրոջ դուստրը՝ Իզաբելը, եղել է նրա ծանոթների թվում։ Ճարտարապետ Կուտյուրիեն նաև պատմել էր, որ Էփշտեյնը փորձել է իրեն վարձել իր Little Saint James կղզու ինտերիերի ձևավորման համար, ընդ որում խոսքը վերաբերում էր «դեռահաս աղջիկների համար» կահույքին և դեկորին։ Գոլդսմիթի նախազգուշացումից հետո Կուտյուրիեն հրաժարվել էր նախագծից։
Գոլդսմիթների ընտանիքն ինքը հերքում է Էպշտեյնի հետ մտերիմ ծանոթությունը։ Նրա երեխաները The Guardian-ին ասել են, որ անձամբ չեն շփվել նրա հետ կամ տեղյակ չեն եղել ընտանիքի նկատմամբ նրա հետաքրքրության մասին։ Դուստրը՝ Ջեմայմա Գոլդսմիթը, ասել է, որ իր հայրը Էփշտեյնին «արհամարհում էր»։





























