Elabe-ի՝ BFMTV հեռուստաալիքի համար անցկացրած և հոկտեմբերի 7-ին հրապարակված հարցումը ցույց է տվել, որ ֆրանսիացիների 72%-ը դպրոցականների բողոքի ակցիաների մասնակիցների պահանջները համարում է օրինական, իսկ 55%-ը աջակցում է հենց մոբիլիզացիային։
Միևնույն ժամանակ, ֆրանսիացիների կարծիքները տարբերվում են այն հարցում, թե ինչպես պետք է զարգանա շարժումը։ 55%-ը կարծում է, որ բողոքները պետք է դադարեցնել, 27%-ը կողմ է դրանց շարունակմանը ներկայիս ձևաչափով, իսկ 17%-ը ցանկանում է դրանց ուժեղացում, ներառյալ՝ նոր և ավելի լայնածավալ արգելափակումների հաշվին։
Բողոքների աջակցությունը հատկապես բարձր է ավագ դասարանների աշակերտների ծնողների շրջանում՝ 71%, ինչպես նաև ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատի» կողմնակիցների շրջանում՝ 85%։ Միևնույն ժամանակ, աջ կուսակցությունների կողմնակիցների 60%-ը և «Ազգային միավորում» կուսակցության ընտրողների 55%-ը դեմ են բողոքներին։
Դպրոցականների պահանջները վայելում են ավելի լայն աջակցություն։ Հարցվածների 28%-ը դրանք համարում է լիովին հիմնավորված, ևս 44%-ը՝ ավելի շուտ հիմնավորված։ Դրանք օրինական է համարում «Նոր ժողովրդական ճակատի» կողմնակիցների 93%-ը, նախագահական ճամբարի ընտրողների 68%-ը և «Ազգային միավորում» կուսակցության կողմնակիցների 58%-ը։
18-ից 24 տարեկան երիտասարդ ֆրանսիացիները շարժման հետագա զարգացման հարցում ամենից շատ են տարակարծիք եղել․ 33%-ը հանդես է գալիս դրա դադարեցման օգտին, 38%-ը՝ ներկայիս տեսքով շարունակման, իսկ 28%-ը՝ բողոքների խստացման օգտին։ Ավելի մեծ տարիքի մարդկանց շրջանում 71%-ը կարծում է, որ շարժումը պետք է կանգնեցնել։
Մինչդեռ բողոքները սկսել են թուլանալ։ Ֆրանսիայի կրթության նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի կեսօրին մինչև այդ պահը դասերն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել էին 459 ուսումնական հաստատությունում՝ երեքշաբթի օրվա 891-ի դիմաց։ Ամբողջությամբ դասեր չեն անցկացվել 276 դպրոցում, մասնակիորեն՝ 183-ում։
Նախարարությունից հայտնել են, որ չորեքշաբթի առավոտից տարբեր ակցիաներն ու ուսումնական գործընթացի խափանումներն ազդել են 232 հաստատության վրա՝ նախորդ օրվա ցուցանիշի կեսից էլ պակաս։
Դպրոցականների արհմիությունն ու Ուսանողական միությունը հինգշաբթի նոր ակցիաների կոչ են արել։ Նրանք առաջիկա բողոքները անվանում են շարժման «չորրորդ ակտ» և ծրագրում են երթեր Փարիզում ու Ֆրանսիայի այլ քաղաքներում։



























