Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) և «Սառա Վագենկնեխտի միություն՝ հանուն բանականության և արդարության» (BSW) կուսակցությունների պատգամավորները Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի խորհրդարանում Գերմանիայի կառավարությանը կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, դադարեցնել զենքի մատակարարումներն ու ֆինանսական օգնությունն Ուկրաինային, հայտնում է DW-ն։
Նախաձեռնությունը ներկայացվել է տարածաշրջանային խորհրդարանի նոր կազմի առաջին նիստից անմիջապես հետո՝ երեքշաբթի։ AfD-ն և BSW-ն հայտարարել են, որ Բեռլինը պետք է հրաժարվի Մոսկվայի նկատմամբ ներկայիս քաղաքականությունից և ձգտի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։
BSW-ի հիմնադիր Սառա Վագենկնեխտը նախաձեռնությունն անվանել է «խաղաղության ազդանշան»։ Երկու կուսակցությունների հայտարարությունում միաժամանակ պահանջ է դրվում անհապաղ չեղարկել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։
AfD-ն և BSW-ն դեմ են Ուկրաինային օգնության հետագա ֆինանսավորմանը։ Նրանք կարծում են, որ Կիևին աջակցելու համար ուղղվող միջոցները պետք է օգտագործվեն Գերմանիայի կարիքների համար։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի երկրամասային կառավարությունները լիազորություններ չունեն ինքնուրույն փոխելու երկրի արտաքին կամ էներգետիկ քաղաքականությունը։ AfD-ի և BSW-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են Սաքսոնիա-Անհալթում այս նախաձեռնությունն օգտագործել, որպեսզի հասնեն դաշնային մակարդակում քաղաքականության փոփոխության։
Գերմանիայի դաշնային կառավարությունը շարունակում է աջակցել Ուկրաինային և Ռուսաստանից պահանջում է դադարեցնել ռազմական գործողություններն ու հարվածները քաղաքացիական օբյեկտներին՝ որպես հետագա երկխոսության պայման։





























