Ֆրանսիական և ամերիկյան իշխանությունները համատեղ փակել են առցանց հարթակ, որը տարածում էր հազարավոր կանանց, այդ թվում՝ անչափահասների, ինտիմ լուսանկարներ, որոնք ձեռք էին բերվել շանտաժի, հաշիվների կոտրման միջոցով կամ առանց զոհերի համաձայնության, հաղորդում է dpa-ն՝ հղում անելով Փարիզի դատախազությանը։
Միաժամանակ արգելափակվել են նաև այս հարթակի հետ կապված ևս երեք կայք։ Ֆրանսիայում ձերբակալվել են 21 և 25 տարեկան երկու եղբայրներ, որոնց դատախազությունը կասկածում է ցանցի կազմակերպման և կառավարման մեջ։ Գործողության ընթացքում առգրավվել են ավելի քան 700 հազար եվրոյի թվային ակտիվներ։
Քննության տվյալներով՝ լուսանկարները հարթակ էին հասնում նաև սոցիալական ցանցերի հաշիվների կոտրումից հետո։ Նյութերի թվում կային պատկերներ, որոնք ստացվել էին կիբերգրումինգի արդյունքում, երբ չափահասները համացանցում շահում են անչափահասների վստահությունը, ապա հակում կամ ստիպում նրանց ուղարկել ինտիմ լուսանկարներ։
Կայքերում տեղադրվում էին նաև ինտիմ լուսանկարներ, որոնք սկզբում արվել էին հենց կանանց համաձայնությամբ, սակայն ավելի ուշ տարածվել էին նախկին զուգընկերների կողմից՝ առանց թույլտվության։ Նման նյութերը հաճախ անվանում են «վրեժի պոռնոգրաֆիա»․ դրանց հրապարակումը օգտագործվում է նախկին զուգընկերոջը նվաստացնելու կամ վնաս պատճառելու համար։
Զոհ են դարձել տարբեր ազգությունների կանայք, այդ թվում՝ անչափահասներ։ Կայքերի օգտատերերին խրախուսում էին տրամադրել տեղեկություններ, որոնք թույլ կտային պարզել զոհերի ինքնությունը՝ դրա դիմաց առաջարկելով վարձատրություն վիրտուալ արժույթով։
Տուժածներին համակարգել էին ըստ նրանց իրական անունների։ Պրոֆիլներում նշվում էին տարիքը, բնակության վայրը, մասնագիտությունը և արտաքինի առանձնահատկությունները, իսկ կանանց գնահատում էին 10-բալանոց սանդղակով։
Ֆրանսիացի և օտարերկրյա զոհերին, որոնց ինտիմ պատկերները տեղադրվել էին հարթակում, կոչ են արել դիմել Ֆրանսիայի կիբերհանցագործությունների դեմ պայքարի ազգային ստորաբաժանում։




























