«Փաստ» թերթը գրում է. «Կենսաչափական նոր համակարգի ներդրման հետ կապված՝ հանրային լուրջ դժգոհություն ու մտահոգություններ է հարուցել այն հանգամանքը, որ անձնագրավորվող քաղաքացիների կենսաչափական տվյալները լինելու են ինչ-որ մասնավոր ընկերության տրամադրության տակ:
ՆԳՆ-ն նախօրեին մի հաղորդագրություն է տարածել, որի ամբողջ իմաստը հանգում այն բանին, թե՝ «մասնավոր գործընկերը» միայն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները, մի խոսքով՝ «մասնավոր գործընկերոջը» չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը:
Շատ լավ, ընդունեցինք: Բայց ՆԳՆ այդ հայտարարությունն ավելի շատ հարցերի առիթ է տալիս:
Նախ՝ եթե մասնավորը միայն տեխնիկական հարցերով է զբաղվում, ապա ինչի՞ համար են այդքան «անձնագրային սեղանները»: Անում էին, էլի, այդ գործն անձնագրային սեղանների աշխատողները: Էլ ինչո՞ւ եք մասնավորին տալիս: Ի՞նչ կա դրա տակ, որ մասնավորին եք փոխանցում այդ գործը: Ո՞ւմ նորահայտ օլիգարխի բիզնեսն է դա լինելու: Ի՞նչ է դա արժենալու ՀՀ քաղաքացիների գրպաններին:
Բացի այդ, անկախ ամեն ինչից, մարդիկ փաստաթղթեր, տվյալներ են ներկայացնելու ՆԳՆ «մասնավոր գործընկերոջը», այդ բոլոր տվյալները մասնավորի ձեռքով են անցնելու, պահվելու են մասնավորի ձևավորած ենթակառուցվածքում: Այսինքն, գրեթե ամբողջ գործընթացը մասնավորի ձեռքով է անցնելու: Այդ ամբողջ տեղեկությունը, միևնույնն է, չի արխիվացվելո՞ւ մասնավորի մոտ, չի՞ մնալու նրա տրամադրության տակ: Իսկ եթե պետությունը պիտի շարունակի անել նույն գործառույթները, ինչպես հավաստիացնում է ՆԳՆ-ն, է, կրկնենք, թող շարունակեր անել: Ո՞րն է պրոբլեմը:
Հա, մեկ էլ ասում են, թե «ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից»: Այսի՞նքն: Պետությունն իր (ՆԳՆ-ի) բերանով ասում է, որ այն ժամանակ, երբ պետությունն ինքն էր այդ ամեն ինչով զբաղվում, ՀՀ քաղաքացիների տվյալներն առանձնապես ապահով պաշտպանվա՞ծ չէին, հիմա անհամեմատ պաշտպանված են լինելո՞ւ: Լո՞ւրջ:
Կարճ ասած՝ ՆԳՆ «պարզաբանումները» իրականում ոչ թե փարատեցին հանրության մտահոգությունները, այլ հակառակը՝ ավելի խորացրին:
Ի դեպ, հետաքրքրական է, թե ինչ հանկարծահաս մասնավորասիրությամբ է համակվել փաշինյանական իշխանությունը: Այն իշխանությունը, որ մասնավոր սեփականատերերից կամայականորեն խլում է նրանց սեփականությունը, ինչպես զավթեց ՀԷՑ-ը, Արարատի ցեմենտի գործարանը, անօրինաբար կապարակնքում է մասնավոր ընկերությունների դռները, իսկ հիմա անձնագրային հարցերը պատվիրակում է մասնավորին:
Հա, ի դեպ, այս թեմայով սոցցանցերում կես կատակ-կես լուրջ առաջարկություններ կան, օրինակ՝ միգուցե կառավարության գործառույթներն էլ մասնավորին փոխանցե՞ք: Իսկ ինչո՞ւ ոչ: Չնայած, արդեն փոխանցված է, արդեն ութ տարի է՝ կառավարությունն էլ, այլ պետական կառույցներն էլ հանձնված են մեկ անձի քմահաճույքին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





























